Նախատեսվում է գնել 34 աղբատար մեքենա. Հայկ Մարության

ԱԺ-ում մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց քաղաքի  աղբահանության խնդրից։

«Գիտենք՝ «ԿամԱԶ» մեքենաներ ձեռք բերեցին մեկ անձից գնումով։ Կուզեի իմանալ՝ առաջիկայում լուծվելու է այդ հարցը»,- ասաց պատգամավորը։
Քաղաքապետը հիշեցրեց, որ իրենք գնել են հինգ «ԿամԱԶ»  մակնիշի ավտոմեքենա. «Բայց ընդհանրապես նախատեսվում է գնել 34 մեքենա, ոչ  միայն «ԿամԱԶ» մակնիշի, քանի որ դեռ մրցույթներն ավարտված չեն, չգիտենք ինչ մակնիշի կլինեն։ Հունիսի վերջից սկսելու են մեքենաները գալ։ Հիմնել ենք բյուջետային հիմնարկ, որը պետք է զբաղվի Երևան քաղաքի աղբահանությամբ, այնպես որ մոտակա ամիսներին իրավիճակը լրիվ վերահսկվելու է»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հետաքրքրվեց մայրաքաղաքում հանրային զուգարանների խնդրի լուծումից։

«Շատ այգիներում այս հարցը կամ լուծված է, կամ լուծման ընթացքում է, իսկ եթե այգիներից դուրս, ուղղակի փողոցներում ծրագիր ունենք, որ արդեն պետք է սկսենք տնտեսվարողների հետ իրականացնել»,- պատասխանեց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ ամենուրեք հանրային զուգարան ունենալն էլ ուրիշ խնդիր է առաջացնում. «Արդյոք նպատակահարմար է քաղաքում ամեն տեղ ունենալ հանրային զուգարան։ Եթե շրջում ենք լավագույն քաղաքներով, այնպես չէ, որ ամեն քայլափոխին զուգարան կա»։