ՏԵՍԱՆՅՈՒԹ | Եվս 500 000 քաղաքացի կկարողանա սրտի անվճար վիրահատությունից օգտվել. ովքեր են նրանք

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, թե ինչին է ուղղվելու կառավարության տրամադրած հավելյալ 12 մլրդ դրամը։

Սրտի վիրահատություններից և նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից անվճար օգտվող քաղաքացիների խումը կընդլայնվի։ Այս մասին Facobook սոցիալական կայքում ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Արդեն հայտնել էինք, որ այսօր ընդունած կառավարության որոշման համաձայն` առողջապահության ոլորտի ընթացիկ ծախսերն այս տարի կավելանան հավելյալ 12 մլրդ դրամով։ Թորոսյանն, ի դեպ, այս պահին գործուղմամբ Շվեյցարիայում է գտնվում։

«Այսուհետ սրտի վիրահատություններից և նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից օգտվող քաղաքացիների խմբում կներառվեն նաև առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք։ Այդ խմբում կներառվեն նաև ժամկետային և մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների ընտանիքի անդամները, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամները»,–ասաց Թորոսյանը։

Նա հայտնեց նաև, որ սրտի վիրահատություններից և նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից օգտվող քաղաքացիների թիվը 230 000 էր, փաստացի այդ խմբում հիմա կընդգրկվի ևս 500 000 քաղաքացի։

Հիշեցնենք, որ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ նախարարությունը փորձում է համահարթեցնել բուժհիմնարկներում բուժծառայությունների իրական գործող ու պետպատվերի շրջանակում տրամադրվող գումարները, որպեսզի «պացիենտը ստիպված չլինի գրպանից հավելյալ գումարներ վճարել»։