Խարկովում ադրբեջանցիները 6-րդ հարկից ցած են նետել հայ տղային․ մանրամասներ

Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանին 6-րդ հարկից ցած են նետել մի խումբ ադրբեջանցի ուսանողներ, երբ չի հաջողվել նրա մոտ թմրանյութ գցել։ Արթուր Մարտիրոսյանի հայրը՝ Սերգո Մարտիրոսյանը, դեպքի մանրամասները պատմել է Times Kharkiv-ին։

Հոր խոսքերով, որդին զբաղվում է սամբոյի և  ձյուդոյի ըմբշամարտով, Ուկրաինայի ազգային հավաքականի անդամ է: Նա սովորել և վերապատրաստվել է Կիևի Օլիմպիական քոլեջում, այնուհետ ակադեմիայում:
18-ամյա Արթուրը սպորտի վարպետ է, Ուկրաինայի վեցակի չեմպիոն, Ուկրաինայի առաջնության երկակի հաղթող, Եվրոպայի առաջնության եռակի հաղթող: Ապրիլին նա մասնակցել է Կիպրոսի պատանիների Եվրոպայի առաջնությանը, պատրաստվելով Աշխարհի գավաթի առաջնությանը։

Նշվում է, որ հանրակացարանում Արթուրի հարևանը ադրբեջանցի է եղել, ում հետ նա ընկերացել է, նրան անգամ իր տուն է հրավիրել։ Այդ չարաբաստիկ օրը հարևանը Արթուրին հրավիրել է խորոված պատրաստելու։ Հյուրերի թվում եղել են տարբեր համալսարաններից ադրբեջանցի ուսանողներ։ Պիկնիկի ժամանակ Արթուրը վատ է զգացել, հոր խոսքերով, ինչ-որ բան են ավելացրել  տղայի խմիչքի մեջ: Արթուրը գնացել է  իր սենյակ, շուտով նրա սենյակ են  մտել ուսանողները, որոնց հետ Արթուրը խնջույքի էր՝ նրա առողջական վիճակն իմանալու պատրվակով:

Հոր խոսքերով, նրանք իրենց հետ բերել են ինչ-որ պայուսակներ ու անձնագրեր,  Արթուրը հասկացել է, որ ինչ-որ բան են նախապատրաստում ու պատրաստվում են իր մոտ թմրանյութեր գցել: Նա ձևացրել է, թե չի հասկանում՝ ինչ է կատարվում։

Երբ Արթուրի նոր ծանոթները հեռացել են, նա փակել է դուռն ու սկսել բերածը  պատուհանից դուրս նետել։ Ադրբեջանցիները տեսնելով սա՝ կոտրել են դուռն ու սկսել  ծեծել Արթուրին: Արթուրը կարողացել է հասնել բաց պատուհանին և սկսել օգնություն կանչել։ Այդ ժամանակ էլ նրան հրել են ու գցել պատուհանից:

Տղան հրաշքով  ոչ միայն փրկվել է, այլ նաև գիտակցությունը չի կորցրել: Հասկանալով, որ հարձակվողները կարող են իջնել ու սպանել իրեն՝ մի կերպ թաքնվել է մոտակա կայանատեղիի բեռնատարի տակ։ Շուտով երիտասարդները եկել են նրա ընկած  վայր ու սկսել փնտրել Արթուրին: Նրանք փորձել են մուտք գործել ավտոկայանատեղի, բայց նրանց թույլ չեն տվել շներն ու պահակը, ով էլ գտել էր Արթուրին ու ոստիկանություն կանչել։

Ոստիկաններն արագ հասել են ու, հոր խոսքով, ոստիկանությունը անմիջապես հայտարարել է, որ տղան փորձել է ինքնասպան լինել ու եղել է թմրամիջոցների ազդեցության տակ: Նրանք ստիպել են տղային տեսախցիկի առաջ ասել, որ ոչինչ չի հիշում, թեև Արթուրն ասել է, որ իրեն դուրս են նետել պատուհանից ու ինքը թմրանյութեր չի օգտագործում, ինչը հաստատում է նաև այն, որ նա միջազգային մրցումներին մասնակցելիս պարբերաբար դոպինգ թեստեր է անցնում։

Այնուհետեւ ժամանել է շտապօգնությունն ու Արթուրին առաջին հերթին տեղափոխվեց շտապօգնության հիվանդանոց, այնուհետ հոգեբուժարան և միայն հետո նրան կրկին տեղափոխել են շտապօգնության բաժին, որտեղ էլ այժմ բուժում է ստանում:

Հայրն ասում է, որ Արթուրն ունի կոնքազդրային հոդի վնասվածք, ինչպես նաև ազդրերի կոտրվածքներ, իսկ մարզական կարիերայի շարունակման մասին այժմ  խոսք լինել չի կարող։

Հայրը միայն շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ տղան ողջ է։

Հավանական է համարվում նաև Արթուրից գումար կորզելու փորձը, քանի որ այն, որ Արթուրի ընտանիքը բավական հարուստ է, կարող էր ադրբեջանցիներին ասել հարևան «ադրբեջանցին»։
Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի մասին ահազանգը եղել է հունիսի 12-ին, ժամը 7: 24-ին:
Քննիչները տեղեկատվություններ են  մուտքագրել Միասնական  ռեեստր՝  քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով և 115-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ինքնասպանություն» նշմամբ: