Առաջարկվում է Երևանում իջեցնել մեքենաների շարժման արագությունը 60 կմ/ժամից 50 կմ/ժամի

Այսօր Երևանը բավականին վտանգավոր է ոչ միայն հետիոտնի, նաև վարորդի համար,- Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով Երևանում ավտովթարների վերաբերյալ հարցին, որոնց հետևանքով, տարեկան կտրվածքով, զոհերի թիվն ավելանում է։ 

Նրա կարծիքով, այս խնդրին պետք է գլոբալ լուծում տրվի, բնականաբար, նախաձեռողը պետք է լինի քաղաքապետարանը, որին միանա նաև ոստիկանությունն ու տարբեր գերատեսչություններ։ Քաղաքապետն ասաց, որ  գույքագրում են ամենավտանգավոր անցումները, որոնք պետք է լուսավորվեն։
Նա առաջարկում է քննարկել Երևանում ավտոմեքենարի շարժման արագության հարցը՝  60 կմ/ժամից իջեցնել 50 կմ/ժամի։ Որոշ հատվածներում, նրա խոսքով, նույնիսկ թույլատրելի արագությունը հասնում է 70 կմ/ժամի։

Հ. Մարությանի խոսքով, քաղաքում պետք է ավելացնել վերգետնյա ու ստորգետնյա անցումները։ Նա նշեց, որ այս դեպքում թեև խնդիրը կթեթևանա, բայց չի լուծվի, քանի որ մարդիկ գերադասում են անցնել արագ և ուղիղ։

Երևանի քաղաքապետն հայտնեց, որ այս տարի մի քանի վերգետնյա անցումներ են նախատեսել կառուցել, հաջորդ տարի դրանց թիվն ավելի շատ կլինի։