Զինծառայողը զինանոցում ոչ թե մաքրության աշխատանքներ էր կատարում, այլ սպանվում էր. Փորձագետը արձանագրել է ծեծ «մահից կարճ ժամանակ առաջ». Forrights

Գևորգ Հարոյանը մահացել է Արցախի Մարտունի -2 զորամասում 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 10.50-ի սահմաններում: Անցել է 8 ամսից ավելի, փորձագետները բազմաթիվ նոր փաստեր են արձանագրել, բայց նախաքննության մարմինը շարունակում է քննությունը վարել միակ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով /քր. օր-ի 110, մաս 1/, որն առաջ է քաշել առաջին իսկ օրը, դեռ քննություն չիրականացրած:
Որո՞նք են ինքնասպանության վարկածը կասկածի տակ դնող նոր փաստերը: Ըստ ՔԿ հաղորդագրության, շարքային Գևորգ Սուրենի Հարոյանը մաքրման աշխատանքներ էր կատարում վաշտի զինանոցում որտեղից վերցրել է իր ծառայակցին ամրակցված ԱԿ-74 ինքնաձիգը և ինքնասպանություն է գործել կրծքավանդակի ձախ շրջանում իրեն հասցնելով հրազենային վիրավորում: «Նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ նույն օրը՝ ժամը 15:05-ի սահմաններում, գրանցվել է նրա կենսաբանական մահը», — դեպքից մեկ օր անց տարածել էր քննչական կոմիտեն:

Փորձագետը արձանագրել է ծեծ «մահից կարճ ժամանակ առաջ»

Ապացուցված է համարվում, որ դեպքի վայրը զորամասի զինանոցն է: Սակայն գործով կատարված խծուծների փորձաքննությամբ պարզվել է, որ կրակոցի պահին Հարոյանի կողքին են եղել ևս 4 զինծառայողներ՝ Ավետիսյան, Գրիգորով, Մխիթարյան ու Աբրահամյան ազգանուններով: Թե ինչ էին անում այս չորսը զինանոցում, որը խստորեն պահպանվող տարածք է, ով է թույլ տվել նրանց մուտքը զինանոց՝ այս մասով քննություն չի տարվել, քրեական գործ չի հարուցվել հրամկազմից որևէ պատասխանատուի դեմ: Բացատրությունն այն է, որ կամ զորամասում լիարժեք անտերություն է տիրել, կամ դեպքի վայրը կեղծված է:

Այս եզրահանգման է գալիս քրեագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: Նա անհերքելի փաստ է համարում, որ մահից առաջ երիտասարդը պարբերաբար բռնության և նվաստացումների է ենթարկվել:

Դիակը զննող փորձագետ, դատաբժիշկ Մելքոնյանը հանգուցյալի մարմնի տարբեր մասերում հայտնաբերել է մեխանիկական վնասվածքներ, որոնք առաջացել են բութ առարկաների ներգործությամբ՝ արյունազեցղում վերին կոպի շրջանում, կերծվածքներ քթի, ձախ արմնկահոդի և դաստակի շրջանում՝ հին, սպիացած վնասվածքներ:

«Վնասվածքները ապացուցում են, որ Հարոյանին ծեծել են, խոշտանգել են ու սպանել են,- ասում է Ռուբեն Մարտիրոսյանը, — բռնության հետքերը դատաբժիշկը բաժանել է երեք ժամային խմբի՝մահվանից 7 ու ավելի, 3-ից 5 օր առաջ և երրորդը՝ «մահվանից շատ կարճ ժամանակ առաջ»:

Սա նշանակում է, որ մահից վարկյաններ առաջ էդ տղային ծեծել են ու սպանել են»: Այլ կերպ ասած, Հարոյանը ոչ թե մաքրություն էր անում զինանոցում, այլ սպանվում էր: «Ծեծի դեպքերից և ոչ մեկով քննություն չի իրականացվել», — պնդում է Ռուբեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ծեծի, խոշտանգումների ու նվաստացման փաստերի մասին բարձրաձայնել են նաև Հարոյանի հարազատները: Մայրը՝ Արմինե Բեգլարյանը, պատմել էր Forrights.am-ին, որ վաշտի հրամանատար Լուկաշ Պետրոսյանը նսեմացնում էր իր որդուն զինվորների առաջ. «Հաց ուտելիս հանգիստ չէր թողնում: 80 հոգու մեջ ասում էր՝ նստի, վեր կաց, նստի, վեր կաց, չէր թողնում հաց ուտի տղես»:

Վարչապետի զայրույթը խթան հանդիսացավ

Անցյալ տարի զինծառայողների 10 ծնողներ պահանջեցին հանդիպում Փաշինյանի հետ: Նրանց թվում էր նաև Գևորգ Հարոյանի մորեղբայր Արմեն Բեգլարյանը:
Ծնողները բողոքներից մեկն այն է եղել, որ զենքերի վրա, որոնցով, իբր, կատարվում են սպանությունները, մատնահետքեր չեն հայտնաբերվում: Փաշինյանին զարմացրել է և զայրացրել այն հանգամանքը, որ բարձր տեխնոլոգիաների դարում չեն կարողանում հետքեր հայտնաբերել զենքի վրա:

Վարչապետի զայրույթը խթան հանդիսացավ, որպեսզի Հարոյանի գործով նշանակվի դատագենետիկական փորձաքննություն: Այս փորձաքննության եզրակացությամբ բացառվեց, որ ինքնաձիգի ձգանի վրա լինեն Գևորգ Հարոյանի ԴՆԹ հետքերը: Թվում է, թե դեկտեմբերին, ստանալով այս փորձագիտական եզրակացությունը, նույն օրը դեպքը վերավորակել սպանություն: Ոչ միայն չեն փոխել, այլև նշանակել են հետմահու համալիր հոգեբանական փորձաքննություն», — ասում է Ռուբեն Մարտիրոսյանը:

Նա նկատել է, որ քննիչը, 2018 թվականի դեկտեմբերից ունենալով արդեն ԴՆԹ փորձաքննության եզրակացությունը, ունենալով հստակ ապացույց, որ Հարոյանը ինքնասպանություն չի գործել, 2019 թվականի մայիսին, երբ նշանակվել է հոգեբանական փորձաքննությունը, հարցեր է ձևակերպում հոգեբանի համար. ինչպիս՞ի հոգեվիճակում է գտնվել Գևորգ Սուրենի Հարոյանը ինքնասպանություն գործելուց առաջ, ինչպիսի հոգեբանական առանձնահատկություններ է ունեցել Հարոյանը, որոնք կարող էին նրան բերել ինքնասպանության: Այլ կերպ ասած՝ քննիչները համառորեն, առանց փաստերը հաշվի առնելու ամեն ինչ անում են սպանությունը դարձնել ինքնասպանություն ներկայացնելու համար:

Այս ընթացքում գործի քննությանը մասնակցում է առաջին կայազորի քննչական բաժնի պետ Մ. Դավթյանը, որը բացահայտ անհիմն եզրակացություն է անում. «նախաքննական անհետաձգելի ու անհերքելի գործողությունները բավարար հիմքեր են տվել ենթադրելու, որ Գ, Հարոյանը մահացել է իր իսկ գործողությունների արդյունքում»:

6 մեղադրյալ և ոչ մի բառ մահ պատճառելու մասին

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանին խնդրել էինք պատասխանել, թե ինչ մեղադրանքներ են առաջադրվել գործի շրջանակներում և արդյոք քննվում է մեկ այլ վարկած, բացի ինքնասպանության հասցնելուց: Նա հայտնեց.

«Գևորգ Սուրենի Հարոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում՝ կրտսեր սերժանտ Մ.Չախախլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով /ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, որը որոնք անզգուշությամբ պատճառել են առողջությանը ծանր վնաս կամ այլ ծանր հետևանքներ/ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կապիտան Լ.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 375-րդ հոդվածի 2-րդ մասով /Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որն որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ են առաջացրել/ և 360-րդ հոդվածի 2-րդ մասով /Զինծառայողին վիրավորանք հասցնելը/ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Դ.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողության հանձնելը: Պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ Դ.Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գնդապետ Մ.Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Է.Ռամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գ.Հարոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ արձանագրված «մահից կարճ ժամանակ առաջ» մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաձգաբանական դատաբժշկական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը չի ստացվել:

Նախաքննության ընթացքում առաջ քաշված բոլոր վարկածների շուրջ ձեռնարկվել և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում»:

«Դա չի կարող համարվել քննություն, քանի դեռ չի հարուցվել քրեական գործ սպանության հոդվածով»

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանը, որը ներկայացնում է տուժողի իրավահաջորդին, քննչական մարմինը նյութերը տրամադրել է մեծ ուշացումով: Այժմ նա բողոք է պատրաստում քննիչների գործողությունների դեմ:

«Դեռևս 2018թ. դեկտեմբեր ամսին ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝
« սպանության գործիք » հանդիսացող ինքնաձիգի ձգանի վրա չկան Գևորգ Հարոյանի հետքերը, մինչդեռ մինչ օրս վարույթն իրականացնող մարմինը նշված քրեական գործը քննում է ինքնասպանության հոդվածով։ Անկախ այն պնդումից, թե քննության է առնվում նաև սպանության վարկածը, միևնույնն է, դա չի կարող համարվել քննություն, քանի դեռ չի հարուցվել քրեական գործ սպանության հոդվածով», — ասում է փաստաբանը։

Սյուզան Սիմոնյան
Աղբյուրը՝ http://forrights.am