«Սորոսից» մեկնաբանել են նորանշանակ Արդարադատության նախարարի «սորոսական» լինելը

Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը Բաց հասարակության հիմնադրամներից երբևէ դրամաշնորհ չի ստացել։ Այս մասին Փաստերի ստուգման հարթակին հայտնել են Բաց հասարակության հիմնադրամներից։

«ՎԵՏՕ» շարժումն արդեն մեկ շաբաթ է, ինչ շրջանառում է արդարադատության նախարարի պաշտոնում Ռուստամ Բադասյանի նշանակման մասին լուրեր՝ ներկայացնելով նրան որպես «սորոսական»։ Ըստ շարժման տարածած հայտարարությունների, Բադասյանը նշանակումն արդարադատության նախարարի պաշտոնում եղել է Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակից, որը հաճախ անվանում են «Սորոսի հիմնադրամ»։
«Արդարադատության նախարարությունն ամբողջությամբ հանձնվեց սորոսականներին, ինչը կանխատեսվել էր դեռևս օրեր առաջ»,- գրված է շարժման Ֆեյսբուքյան էջում։

Fip.am-ի հետ զրույցում հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը հայտնել է, որ Ռուստամ Բադասյանը երբևէ դրամաշնորհ չի ստացել իրենց հիմնադրամից։ Մինասյանը նաև հայտարարել է, որ անգամ չի ճանաչում նորանշանակ նախարարին։

«Ես Ռուստամ Բադասյանին չեմ ճանաչում, երբևիցե անձամբ չեմ հանդիպել և ծանոթ չեմ»- ասել է Մինասյանը։

Նշենք, որ Ռուստամ Բադասյանը 2018 թ. մայիսից մինչ օրս զբաղեցնում էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ Մինչ այդ 2014-2018 թթ. աշխատել է մասնավոր հատվածում։