Վրաստանի վարչապետը հայտարարել է որ Թբիլիսիի բախումները սադրանք էր, որը կազմակերպել է «Միասնական ազգային շարժումը»

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն վրացական հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակվող ասուլիսի ժամանակ Թբիլիսիում 20-ի տեղի ունեցած իրադարձությունները (անկարգություններն ու ոստիկանության հետ բախումները) սադրանք է անվանել, որը, նրա խոսքով, կազմակերպել է «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունը: 

«Յոթ տարի նրանք պատրաստվում էին…», - «Սպուտնիկ Վրաստան» գործակալության հաղորդմամբ՝ ասել է նա՝ ընդգծելով, որ «քաղաքացիների անկեղծ ցույցն ապակառուցողական ուժի կողմից օգտագործվել է սեփական սադրիչ նպատակների համար»:

Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ անընդունելի և սխալ է անվանել ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ Սերգեյ Գավրիլովին Վրաստանի խորհրդարան հրավիրելը: «Այո, ցավոք մենք սայթաքեցինք», - շեշտել է Բախտաձեն: 

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանում Սերգեյ Գավրիլովի ելույթից հետո ընդդիմությունն ու քաղաքացիները զանգվածային բողոքի ցույցեր սկսեցին խորհրդարանի շենքի առաջ, որոնք վերածվեցին բախումների ոստիկանության հետ: Բախումների հետևանքով 240 մարդ տուժել էր, 305-ը՝ ձերբակալվել: Վրացի քաղաքացիների զայրույթը հարուցել էր այն հանգամանքը, որ Գավրիլովը ելույթ էր ունեցել երկրի խորհրդարանի խոսնակի աթոռից: