Կարծես, թե մնացածը սաղ թուրքի բաշիբոզուկներ են, դուք ժողովրդի կառավարություն եք. Սերգեյ Բագրատյան

ԱԺ-ում 2018 թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը, որին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա անդրադարձավ ԱԺ-ում երեկվա հարցուպատասխանի ժամանակ իր և Նիկոլ Փաշինյանի բանավեճին, երբ ինքը հիշեցրել էր, որ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Փաշինյանը իշխանությունից պահանջել էր, որ ընդդիմությանը տրվեն վերահսկողական լծակները, ինչին ի պատասխան՝ Փաշինյանն ասել էր, թե նման նախադասություն չի ասվել իր կողմից:
«Պարոն վարչապետ, բացեք 2017թ-ի հոկտեմբերի 2-ի ձեր ելույթն այս ամբիոնում: Դուք, խոսելով ընդդիմության լծակներ տալու մասին, ասել եք. «ինչի՞ եք ընդդիմությանը խմբակցության իրավունք տվել ձևական, վարչապետ առաջադրելու իրավունք տվեք, եթե դրանից էլ զրկեք, միգուցե թույլ տաք գանք խորհրդարան, ավագանիում առաջադրվենք, տվեք լծակ»։ Այսինքն, դուք իշխանությանը հստակ ասում եք՝ «ձեր արածը բանի պետք չի և տվեք լծակ, որ մենք կարողանանք իրացնենք» »,-մեջբերեց Բագրատյանը։
Նա նշեց, թե վիրավորված է վարչապետի պատասխանից. երբ ինքը նրան հարց է տվել, որ ՏՄՊՊՀ-ում, ՀԾԿՀ-ում անդամ ունենան, վարչապետն ասել է, որ հետաքրքիր հարց է, կքննարկեն, հետո էլ հայտարարել է, թե ինքը համաձայնվել է, բայց ԲՀԿ-ն անդամ չի առաջարկել։ Մինչդեռ Բագրատյանի խոսքով, ինքը այդ հարցով օրենքի փոփոխություն է նախաձեռնել, նախագիծը բերել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ քննարկել, հետո պարզվել է դրանից մեկ շաբաթ հետո նույն նախագիծը Արարատ Միրզոյանն է ներկայացնում, իսկ իրենը մերժում են։ «Դա ազնի՞վ է»,-հարցրեց Բագրատյանը։
Նա նաև խոսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի՝ իրեն ուղղված դիտարկումից. վերջինս ասել էր, որ զարմանում է, որ Բագրատյանը վերահսկողական լծակներ է պահանջում։ «Ինչի՞ վրա եք զարմանում, եղբա՛յր: Զարմանո՞ւմ եք, որ տաս մարզպետ գալիս են հաշվետվություն ներկայացնելու, մեկ հարց չունի այս խմբակցությունը և ես մեն-մենակ եմ հարց տալիս։ Հանրապետության ողջ տարածքը համակարգող տաս մարզպետին մի հարց չեն ունեցել տալու, պարո՛ն վարչապետ»,-դիմելով Փաշինյանին՝ ասաց նա։
ԲՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաև սոցապ նախարար Զարուհի Բաթոյանի այն հայտարարությանը, թե «պետք չի մեզ համոզել, որ ժողովրդի վիճակը վատ է, որովհետև մենք ժողովրդի կառավարություն ենք»։
«Այ քեզ բան, բոլորից կսպասեմ նման արտահայտություն, բացի ձեզանից, տիկի՛ն Բաթոյան։  Հայկ Սարգսյանը մի անգամ դրա մասին ասեց, որ ժողովրդի կառավարության վրա մի գոռացեք... կարծես, թե մնացածը սաղ թուրքի բաշիբոզուկներ են, դուք ժողովրդի կառավարություն եք։ Մենք բոլորս էլ ժողովրդի կառավարություն ենք, ծառայում ենք ժողովրդին, և եթե ասում ենք՝ ժողովրդի վիճակը վատ է, դա չի նշանակում, որ դուք պետք է հակադարձեք այս արտահայտությամբ, այն դեպքում, երբ կարողացել եք հարց լուծեք, որ ես հիացել եմ: Մի ընտանիքի հարց եք լուծել, որ անընդհատ ուզում էի գլուխ գովայի, որ սենց նախարար ունենք»,-ասաց նա։
Խոսելով գյուղատնտեսության մասին, Բագրատյանն ասաց, որ նախարար չունենալը համարում է սխալ, քանի որ բազմաթիվ են խնդիրները և չեն կարողանում լուծվել։ Բագրատյանը նշեց, որ չի պատկերացնում, որ էկոնոմիկայի նախարարը կարող է այս ծանր ոլորտն առաջ տանել։
Ինչ վերաբերում է բյուջեի կատարողականին, պատգամավորը նշեց, սա ՀՀԿ-ի առաջարկած բյուջեն է։ «Եվ այնպես չի, որ քվեարկենք, մեծ հաճույք պետք է ստանանք, տենց բան չկա: Այս բյուջեն չի կարա լավը լինի հենց առաջադրելու առումով: Կատարողականն էլ չի կարող լավը լինել: Իհարկե, համաձայն եմ՝ կեսից են սկսել և դա նորմալ է, բայց ինչպես էլ քվեարկի խմբակցությունը, ես խմբակցությանը կխնդրեմ, որ ես ինքս անձամբ դեմ քվեարկեմ, եթե թույլ կտան»,-ասաց նա և բացատրեց, որ ջղայնացել է, որովհետև երբեք լավ հարաբերության վրա չի կարելի խաղալ։