Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու որևէ հիմք չեմ տեսնում. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքները քննած դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որեւէ հիմք չի տեսնում։ Այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նախարարը՝ անդրադառնալով դատավոր Դանիելյանի կողմից առանց պաշտպանական կողմի առարկությունը լսելու դատական ակտ կայացնելու վերաբերյալ հարցին։
«Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ են դատական օրենսգրքով սահմանված առիթներ։ Ես որեւէ հիմք չեմ տեսնում կարգապահական վարույթ սկսելու»,–ասաց նա՝ նշելով, ոչ ճիշտ չէ իր կողմից դատավորի վարքագիծը ճիշտ կամ սխալ որակելը։

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։ 5 օր անց Դանիելյանը որոշեց կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։