Ես ինքս, արդեն հինգ տարի է, երեխա ունեմ և հասկանում եմ, թե ինչ ծանր կարող է լինել երեխայի կորուստը. Լևոն Քոչարյան

«Բոլորի ելույթները լսելով՝ շատ հուզվել եմ։ Ես ինքս, արդեն հինգ տարի է, երեխա ունեմ  և  հասկանում եմ, թե ինչ ծանր կարող է լինել երեխայի կորուստը, հատկապես՝ նման հանգամանքներում», - երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննություան հետաձգումից հետո լրագրոներին ասաց Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի զոհերի հարազատների դատարանում ունեցած ելույթներին։
Նա նշեց, որ հասկանում է մարդկանց վիշտը, որ այս տարիների ընթացքում այդ ամենը չի բացահայտվել, կիսում  է այդ մտահոգությունը, ջղայնությունը։

«Դատախազները, որոնք բողոք են բերել, նոր չեն հայտնվել  այս համակարգում, այդ ամեն ինչի համար կային պատասխանատուներ։ Բացի այդ՝ մենք արդեն ելքային ինչ-որ դիրք ենք ընդունել, որ մարդիկ ինչ-որ բան են արել և իրենց ուզածն ուզում էին կոծկել։ Կամ նույն պարոն Քլոյանը հայտարարում է, որ 1000 հոգի սադրիչ է եղել։ Ասում են՝ «իրենց խանութը թալանել են, բայց իրենք չեն բողոքել»։ Հենց դա է՝   մարդկանց մոլորեցնում են՝ «Ռոբերտո»  խանութը, ինչի մասին խոսում են, երբևէ դրա հետ կապ չենք ունեցել։ Դա  սուտ է։ Այս կարգի մանիպուլացիաներից, որ արվել է... Երևի մեր մեղքն էլ կա՝ այնքանով, որ ժամանակին այդ դրանց պատասխանները հստակ չենք տվել»։