Սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, ծաղկավոր «բաբչկան» կապել և ճանապարհել քաղաքակիրթ, օրինական կյանք. վարչապետի հանձնարարականը՝ Օսիպյանին և Վանեցյանին

Թավշյա ոչ բռնի հեղափոխությունից հետո մի շարք ուժեր, այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող անձինք փորձեցին քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է ժողովրդավարական ցանկացած երկրում. այսպես սկսեց կառավարության այսօրվա նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեկ տարվա փորձերի արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, և վերջին շրջանում տեսնում ենք, որ, ըստ ամենայնի, որոշ շրջանակներ որոշել են բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ իրականացնել և նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ նրանք պատրաստվում են բռնությամբ քաղաքական հարցեր լուծել:

Այս ասելիքը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում, և նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատված որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում պետք է շրջեն, տրամադրություն ստեղծեն, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնեն»,- ասաց նա և ավելացրեց, այն եթե Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո բռնության կոչեր են հնչում, ապա իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և պետք է շատ կոշտ հակահարված տա նման բոլոր երևույթներին։

«Երևանի Ազատության հրապարակը փորձում են երթևեկելի գոտի դարձնել, ավտոմեքենաներով ճռռիկներ անել, վարել մայթերով և սա, ըստ էության, որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում հաստատված է անիշխանություն կամ իրավական համակարգը չկա, կամ թույլ  է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ նման դեպքերում իրավապահ համակարգը խնդրին ոչ թե պետք է վերաբերվի որպես երթևեկության խախտում, այլ որպես արհամարհանք հասարակության, օրինականության նկատմամբ, ինչով պետք է զբաղվեն իրավապահները, որպեսզի նման արարք թույլ տվող ցանկացած անձ լրջորեն փոշմանի դրա համար։

«Եվ ես այսօր առավոտյան այս թեմայով նաև զրույց եմ ունեցել ոստիկանապետի հետ: Ինչ վերաբերում է այդ սևազգեստ խմբերին, ապա այդ սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր «բաբչկան» կապել և հնարավորինս վառ ծաղիկներով ճանապարհել քաղաքակիրթ օրինական կյանքի»,– ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հարցրեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, ԱԱԾ պետ Արթուր Վանյանին, թե արդյոք պարզ է խնդիրը և ստացավ դրական պատասխան։ Այնուհետև նա նաև գլխավոր դատախազի ուշադրությունը հրավիրեց խնդրին՝ նկատելով, որ փորձ է արվում քաղաքացիների պաշտպանվածության զգացումը խախտել:

«Բռնության քարոզողները հանդես են գալիս որպես իշխանության համակիր կամ ընդդիմության համակիր: ՀՀ-ում բռնության քարոզող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված, որ հաջորդ անգամ բռնության քարոզից առաջ բերանը բացելուց տասն անգամ մտածեն, եթե հետո գնան նման գործողությունների, ուրեմն տասն անգամ պետք է հակահարված ստանան և այդ հակահարվածը չպետք է լինի թավշյա, այլ երկաթյա պետք է լինի»,-ասաց նա և Վալերիյ Օսիպյանին կոչ արեց ձևավորել խումբ, որն ահազանգերին սովորականից տասն անգամ ավելի կարձանագրի և տեսանելի միջոցներ կձեռնարկի: