Գրիգոր Օհանյանը, որին ռուսական լրատվամիջոցներն անվանել էին Նիկիտա Բելյանկինին սպանած անձ, պատրաստվում է դատի տալ լրագրողներին | տեսանյութ

Ռուսաստանում բնակվող Գրիգոր Օհանյանը, որին ռուսական լրատվամիջոցներն անվանել էին Մերձմոսկովյան շրջանում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինին սպանած անձ, մեղադրել է լրատվամիջոցներին սուտ տեղեկություններ տարածելու համար և պատրաստվում է դատի տալ նրանց, հայտնում է «Վեստի»-ն՝ իր յութուբյան էջում հրապարակելով Գրիգոր Օհանյանի հղած ուղերձը:
«Ինչ-որ մեկը տարածեց իմ լուսանկարն ու անունը, և սկսվեց... Ես այդ բարում չեմ եղել: Հիմա ամբողջ աշխարհն ինձ մարդասպան է համարում: Ես Հայաստան չեմ փախել, իսկ իմ ծնողներին այնտեղ արդեն մի քանի անգամ հարցաքննել են հատուկ ծառայությունները: Եվ ես անձամբ եմ եկել Քննչական կոմիտե, ինձ ասել են, որ ես ոչ մի կապ չունեմ, կասկածյալներն արդեն ձերբակալված են, ամեն ինչ նորմալ է»,- ասել է նա տեսաուղերձում:
Նա նշել է, որ սպանության օրը եղել է ընկերոջ որդու 20-ամյակի խնջույքին:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գլխավոր կասկածյալը տեղի «Բիր Հաուս» սրճարանի սեփականատեր Գրիգոր Օհանյանն է, որը լքել է Ռուսաստանն ու մեկնել Երևան:

Հիշեցնենք, որ 24-ամյա Նիկիտա Բելյանկինը սպանվել է մերձմոսկովյան Պուտիլկովո շրջանում: Երիտասարդը փորձել է օգնել մի խումբ մարդկանց կողմից ծեծի ենթարկվող երկու մարդու, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել: