Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը իրավապահների համար տհաճ իրավիճակ է ստեղծել. փորձագետ

Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը իրավապահների համար տհաճ իրավիճակ է ստեղծել: Հունիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Քոչարյանը նշեց, որ իրավաբան չէ գործն իրավական տեսակետից գնահատելու համար, սակայն հայ հանրության մեծ մասը համոզված է, որ անցած տարիներին եղել է զանգվածային կոռուպցիա, սակայն իշխանափոխությունից հետո այս առումով փաստեր չեն ներկայացվել: «Սա վկայում է այն մասին, որ համանման բոլոր հայտարարությունները կա՛մ, սուտ են, կա՛մ իրավապահները վատ են աշխատում»,- շեշետեց փորձագետը:
Անդրադառնալով Քոչարյանն ընդդեմ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցին՝ փորձագետը նշեց, որ անհրաժեշտ է հասկանալ՝ մի բան է, երբ դու ընդդիմադիր ես, այլ բան՝ երբ իշխանության ներկայացուցիչ ես: «Այնպես չէ, որ նախկին իշխանությունները շատ լավն էին, սակայն հայտարարություններ անելիս նրանք ինչ-որ պահի հասկանում էին, որ չեն կարող անցնել որոշակի սահմանները: Ներկայիս իշխանությունները պետք է հասկանան, որ վարկանիշը սպառվելու միտում ունի, եւ այդ ժամանակ հանրությունը կարող է սկսել հարցեր տալ: Այդ ժամանակ էլ ստիպված կլինեն «գամերն ու մանեկները» ձգելու աշխատանք կատարել: Բայց առայժմ հանրությունը սա կընդունի որպես նորմ, այսպիսի երեւույթները տեղ կունենան»,- պարզաբանեց Կարեն Քոչարյանը: