Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպումը գուցե վերջին շանսն է շտկելու սեփական սխալները, վերադարձնելու բանակցային սեղանին անմտորեն դուրս թողնված մեր խաղաքարտերը. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում «Մեր շանսը Վաշինգտոնում» վերտառությամբ գրառում է արել, որում անդրադառնում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։ Նա նշել է, որ Վաշինգտոնի այս հանդիպումը գուցե վերջին հնարավորությունն է շտկելու սեփական սխալները։ Գրառման մեջ ասվում է. 
«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ Արցախյան հակամարտության կարգավորման փաշինյանական փուլի համար:
Արդեն մեկ տարի է, ինչ Արցախյան կարգավորման գործընթացում գործող իշխանությունների կողմից որդեգրված բանակցային ռազմավարությունը միայն մսխել է նախկինում կուտակված Հայաստանի դիվանագիտական կապիտալը:
Երբ հանցավոր անզգուշությամբ Վիեննա-Սանկտ Պետերբուրգ- Ժնև բանակցային դիրքերը փոխարինվեցին Դուշանբեի վերելակով, ապա շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը երկրորդ շնչառություն է ստացել մեզ նեղը գցելու համար:
Մինսկի խմբի համանախագահների բառապաշարից դուրս մղվեցին ոչ միայն հիշատակված հանդիպումների պայմանավորվածությունների կատարման պահանջները, այլև կարգավորման բազային սկզբունքների հիշատակումը, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի:
Վաշինգտոնյան հանդիպումը գուցե վերջին հնարավորությունն է շտկելու սեփական սխալները, վերադարձնելու բանակցային սեղանին անմտորեն դուրս թողնված մեր խաղաքարտերը:
Կրկին պահանջում եմ կոշտացնել Արցախի հարցով Հայաստանի խոսքն ու կեցվածքը երկրից դուրս»: