Երևանում տղային ծեծել և թողել են փողոցում. տղան Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում է, ներկա պահին կյանքին վտանգ չի սպառնում

Առավոտյան Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեում անցորդները նկատել են անգիտակից վիճակում ընկած երիտասարդ տղայի։ Ականատեսները պատմել են, որ տղային ծեծել են և փողոցում թողնելով հեռացել։ Անցորդները շտապօգնություն են կանչել և տղային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացրել է, որ տղային անհրաժեշտ բժշկական օգնություն են ցուցաբերել, վերջինս գիտակից վիճակում է և կյանքին վտանգ չի սպառնում:
ՀՀ ոստիկանությունից էլ հայտնել են, որ ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեից պոլիտրավմա ախտորոշմամբ 2003 թվականի ծնված երիտասարդ է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։