ՏԵՍԱՆՅՈՒԹ | Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Զարեհ Սինանյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝

Զարեհ Սինանյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար»,- ասված է որոշման մեջ:
Զարեհ Սինանյանը ծնվել է 1973 թվականին, Երևանում։ Հայրը ծնվել է Ստամբուլում, 1946 թվականին հայրենադարձել է ընտանիքով և հաստատվել Երևանում։ Մայրը Երևանից է, մայրական պապը Թալին քաղաքից, արմատներով մշեցի են։

Սովորել է Երևանի թիվ 172 դպրոցում և Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում։ 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ և հաստատվել Բըրբանք քաղաքում։ Սովորել է Բըրբանքի John Muir Middle դպրոցում, ավարտել է Բըրբանքի ավագ դպրոցը։
1997 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը (UCLA), սովորել է քաղաքագիտության և պատմության բաժիններում։ Այնուհետև սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Աշխատել է Վաշինգտոնի թանկարժեք պարտատոմսերի շուկան վերահսկող մարմնում, ներգրավվել է հայկական լոբբիստական ընկերություններից մեկում։
Զարեհ Սինանյանը 1998 թվականին հաստատվել է Գլենդելում, ներգրավվել Հայ Դատի աշխատանքներին՝ սկսելով «շարքային» զինվորից, ավարտելով Արևմտյան ափի խորհրդի անդամով։ Հայկական համայնքում եղել է ակտիվ, պաշտպանել է Հայաստանի և Արցախի շահերը, օգնել տեղի հայությանը։ 2013 թվականի ապրիլին մասնակցել է Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններին և դարձել հայ քաղաքային խորհրդի Հայաստանում ծնված առաջին անդամը։ 2014 թվականի ապրիլին նշանակվել է Գլենդելի քաղաքապետ։ Ամուսնացած է, ունի 4 երեխա։