Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը դատարանը վերացրեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին այս քրեական գործի շրջանակներում Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացնելու խնդրով։
«Ակնկալում ենք դատարանից, որ հնարավորություն ընձեռվի կենսաթոշակի և ֆինանսների հետ կապված խնդիրներ չծագեն»,-ասաց նա: Մեղադրող կողմը առարկություններ չհայտնեց, դատավորը համարեց միջնորդությունը հիմնավորված և բավարարեց:
Նշենք, որ ընդմիջումից հետո Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ իրեն լավ չի զգում: «Ոտքերս ուռել է, ցավում է, էլ ի վիճակի չեմ»,- ասաց Մանվել Գրիգորյանը: Դատարանը որոշեց այսօրվա դատական նիստը հետաձգել: Հաջորդ դատական նիստի օր նշանակվեց հունիսի 2-ը, ժամը 12:00-ին: