Դատավոր Արմեն Դանիելյանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց դատախազ Պետրոսյանի, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների վերաքննիչ բողոքները բավարարել։
Միջդատական վարույթի ընթացքում, որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման, փոփոխման կամ պահպանման հարցի  քննության առնելու մասին առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18–ի որոշումը բեկանել։
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել, Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ոստիկանությանը, որպես անձնական երաշխավորություն մուծված գրավի գումարները վերադարձնել գրավատուներին։


Դատավոր Արմեն Դանիելյանը, միևնույն ժամանակ որոշեց բավարարել դատախազների և տուժողների իրավահաջորդների մյուս բողոքը, որոշում կայացրեց քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին դատարանի մայիսի 20–ի որոշումը բեկանել, գործն ուղարկել նույն դատարան նոր քննության։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա պաշտպաններն, ինչպես նախապես հայտարարել էին՝ ներկա չէին որոշման հրապարակմանը։ Պաշտպանական թիմի հորդորով դատարանի շենքի առջև բողոքի ակցիա չէին իրականացնում նաև Քոչարյանի աջակիցները։