Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան՝ պարտավորեցնելու Փաշինյանին ներողություն խնդրել զրպարտության համար. նիստը կկայանա վաղը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լարիսա Սարգսյանը ընդունել է վարույթ: Այս մասին Tert.am-ը տեղեկացել է դատական տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը 17.09.2018թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Զարգարյանի 28.09.2018թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել էր:
Հայցվորի ներկայացուցիչը 05.10.2018թ. հայցադիմումով թույլ տրված խախտումները վերացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան:
Քաղաքացիական գործը դատավոր Լ. Սարգսյանի աշխատակազմին է հանձնվել 08.10.2018թ.:
Հայցադիմումը կազմված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ, ուստի ելնելով դրանից դատարանը որոշել է Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ, գործը նախապատրաստել դատաքննության:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:
Դատական նիստը տեղի կունենա վաղը 16:30-ին: