ՏԵՍԱՆՅՈՒԹ | Կառավարության աշխատանքն այլ կերպ, քան փայլուն, հնարավոր չէ գնահատել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց՝ 2018թ. բյուջետային առումով համաշխարհային պատմության մեջ աննախադեպ տարի է:

«Նման բան խիստ կասկածում եմ, որ երբևէ որևէ այլ երկրում տեղի է ունեցել»,- ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ 2018-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահի, վարչապետի, Երևանի քաղաքապետի ընտրություններ և Թավշյա հեղափոխություն:
«Ի՞նչ ունենք այս տարվա արդյունքում. 5,2 տոկոս տնտեսական աճ՝ այն պարագայում, երբ բյուջեի նախագիծն ընդունած Կառավարությունը բյուջեում դրել է 4,5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Ի՞նչ խնդիր կա բյուջետային առումով. պետբյուջեն չունի չկատարված ոչ մի պարտավորություն: Մակրոտնտեսական կայունությունը պահպանված է լիարժեքորեն: Եթե այս առումով մոտենանք, կարող ենք ասել, որ Կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն, քանի որ այս ողջ քաղաքական ցնցումների համատեքստում ապահովել է ՀՀ բնականոն կյանքը լիարժեքորեն»,- ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց, որ 2018-ին տեղի է ունեցել նաև պետական կառավարման համակարգի գլոբալ անցում կիսանախագահականից դեպի խորհրդարանական, ուստի, ըստ վարչապետի, այս առումով կառավարության աշխատանքը այլ կերպ, քան փայլուն, հնարավոր չէ գնահատել:

Փաշինյանը հայտնեց՝ այս տարի 7,1 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, որն ամենաբարձր ցուցանիշն է ԵԱՏՄ տարածքում, իսկ պետբյուջեի եկամտային մասը գերակատարվել է: