Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել Զավեն Կարապետյանին, Հայաստանն էլ հանձնել է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցուն

Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և իր ստանձնած միջազգային հանձնառություններին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օժանդակությամբ և նրա հովանու ներքո իրականացրեց ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան տեղափոխելու գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը: 
Ըստ այդմ՝ հունիսի 28-ին Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության և Հայաստանի պատկան մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ վերոնշյալ անձը հանձնվել է Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներին: 

Հայաստանի Հանրապետությունն այս հումանիտար քայլն իրականացրել է առանց որևէ նախապայմանի:

Միևնույն ժամանակ այսօր Հայաստանի իշխանությունների և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներին է փոխանցվել 2017թ. հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը: