ՏԵՍԱՆՅՈՒԹ | Առաջին շահագրգիռ մարդիկ մենք ենք, որ սպանությունները բացահայտվեն. Լևոն Քոչարյան

«Զոհերից հետո առաջին շահագրգռված մարդիկ մենք ենք, որ սպանությունները բացահայտվեն։ Ամենայն անկեղծությամբ»,- Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով, շատ ցավալի է, որ այդ ամեն ինչը փորձում են իրենց հետ կապել, ինչ-որ մարդկանց մոտ տպավորությունը ստեղծվում է, որ դա այդպես է։
«Շատ վատ է, երբ մի բան օդիչ կախված է մնում։ Այդպես օդից կախված պահում են, մի կողմից մարդկանց մոտ կասկածը չի փարատվում, մյուս կողմից տեղ է տալիս, որ իրենք այդ ենթադրությունները  շարունակեն անել։ Ամենից լավ բանը կլինի, որ բացահայտվի, միայն ուրախ եմ, որ այդ մասով ինչ որ բան առաջ է գնում»,- ասաց Լ. Քոչարյանը՝ պատասխաելով լրագրողի հարցին, որ «Մարտի 1»-ին Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով կալանավորվել է ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը։
Պատասխանելով դիտարկմանը, որ «Մարտի 1»-ի թեման հիմնականում կապվում է իրենց ընտանիքի անվան հետ, նա նշեց, որ համարում է՝ մարդկանց մոլորեցրել են։ 
«Դա կոնկրետ նպատակ է հետապնդել այն մարդկանց, շրջանակների կողմից, ովքեր մոլորեցրել են այդ մարդկանց։ Ըստ էության, այդ  մարդկանց վշտի վրա ինչ-որ նպատակներ հետապնդելով են դա արել», - ասաց Լևոն Քոչարյանը։