Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված նոր հիվանդության հետևանքը լինելու է անդամահատությունը. փաստաբան

Պետական լիազոր մարմինների կողմից սիստեմատիկ կերպով անօրինականություններ են կատարվում, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
«Եթե այս բարձրաձայնումից հետո բարձրագույն իշխանությունն անօրինականությունների հետ կապված գնահատական չտա, ապա հետևությունս լինելու է այն, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տոտալ հաշվեհարդար է իրականացվում», – ասաց պաշտպանը։
Մանվել Գրիգորյանի փաստաբանը տեղեկացրեց, որ երեկ տեղի է ունեցել բժիշկների կոնսիլիում, որին մասնակցել են ինչպես Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի, այլ նաև Առողջապահության նախարարության կողմից լիազորված մասնագետներ։
«Ըստ տրված եզրակացության՝ եղած ծանր հիվանդություններին, որոնք մոտ 30 են, ավելացել է ևս 3 ծանր հիվանդություն։ Չեմ փորձի բարձրաձայնել դրանց մասին։ Նոր հայտնաբերված հիվանդության արդյուքնում լինելու է անդամահատություն։ Անձի առողջութունը հասել է այդ վիճակին։ », – ասաց Լևոն Բաղդասարյանը՝ չբացառելով, որ պատշաճ արձագանքի բացակայության դեպքում կդիմի ՄԻԵԴ։