LIVE. Թբիլիսիում ոստիկանները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենա են կիրառել. կա 69 տուժած

2:55 | Ոստիկանությունը շարունակում է արցունքաբեր գազ կիրառել Վրաստանի խորհրդարանի շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող ցուցարաների դեմ՝ նրանց ցրելու նպատակով: Ինչպես հայտնում է sputnik-georgia-ն, իրավապահները նաև ջրցան մեքենա են կիրառել: Աղբյուրը նշում է, որ տուժածների թիվը հասել է 69-ի՝ 30 ցուցարար և 39 ոստիկան:

Թբիլիսիում հատուկ ծառայությունները ռետինե փամփուշտներով կրակել են խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների ուղղությամբ, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի՝ հատուկ գործողության հետևանքով տուժածներ կան, իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Նշվում է, որ տուժածներից մեկը վրացական «Առաջին ալիքի» լրագրողներից է: Ինչպես հայտնել է հեռուստաալիքը, իրավապահների և ցուցարարների միջև քաշքշուք է սկսվել:
Ի պատասխան ցուցարաների սադրանքների, որոնք շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հատուկ ծառայողները նաև արցունքաբեր գազ են կիրառել:  
Թբիլիսիում բողոքի ակցիաները սկսվել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին ռուս պատվիրակների մասնակցության պատճառով: Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են երկրի կառավարության հրաժարականը: