ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երասխավանում սարսափելի վթարի հետևանքով 12 վիրավոր կա. այրվածքաբանականում գտնվող մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Նախնական տվյալներով 12 վիրավոր ենք ունեցել, որից 4-ը Արարատի ԲԿ-ում բուժօգնություն են ստացել ու գնացել են տուն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Երեւան-Երասխ ճանապարհին այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարին:
Նրա խոսքով, այս պահին Արարատի ԲԿ-ում այժմ մնացել է մի երեխա և մի 42-ամյա տղամարդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Եվս մեկ պացիենտ գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ի նյարդաբուժական բաժանմունքում, մեկ երեխա գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում՝ ձեռքի կոտրվածքով, 4 պացիենտ գտնվում են Այրվածքաբանության կենտրոնում, որից մեկը տեղափոխվում է «Արմենիա» ԲԿ, որովհետեւ բուն այրվածքային խնդիրն այնքան ծանր չէ, որքան մյուս խնդիրները: Այսինքն՝ քրոնիկ հիվանդանություններ, կոտրվածքներ ունի, դրա համար տեղափոխում ենք բազմապրոֆիկ ԲԿ»,-ընդգծեց նախարարը։ Տեղափոխվողը Սողոմոն Հակոբյանն է։
Նախարարը հավելեց, որ Այրվածքաբանության կենտրոնում գտնվող 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիկները պայքարում են նրա կյանքի համար, մյուսինը՝ ծանր, երրորդինը՝ մինջին ծանրության. «Ամեն ինչ արվում է, հուսով եմ, որ կունենանք դրական արդյունքներ»:
Ավելի վաղ «Առաջին Լուրերը» հայտնել էր, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։ Վերջին տվյալներով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ: