ՏԵՍԱՆՅՈՒԹ | Սարսափելի վթարից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվածը 13-ամյա տղա երեխա է, վիճակը գնահատվում է միջին ծանրության

Արարատի մարզում Երասխ-Երեւան ճանապարհին, Զոդի կամրջի վրա այսօր՝ հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվածը 13-ամյա տղա երեխա է Արարատի մարզից: Այս մասին «Առաջին Լուրերի» հետ զրույցում նշեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը: 
«Երեխան ունի ձեռքի կոտրվածք, ոտքերի հատվածում կտրած-ծակված վերքեր, քերծվածքներ ծնոտին: Երեխան գիտակից է, վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- նշեց Դերձյանը:
Ավելի վաղ «Առաջին Լուրերը» հայտնել էր, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։


Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։ Վերջին տվյալներով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ: