Զոդի կամրջի ողբերգական վթարից տուժած 20-ամյա աղջիկը այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում մահացել է

Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն տեղափոխված Երասխ գյուղի բնակիչ, 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը մահացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը՝ նշելով, որ նրա ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով մահացել է 6 հոգի, 13 քաղաքացի հոսպիտալացվել էր։