ՏԵՍԱՆՅՈՒԹ | Որոշ տներ տեղաշարժվել են, հիմքերում ճաքեր են առաջացել. Կալիֆոռնիայում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 8:20-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոս Անջելեսից 193 կմ հյուսիս, օջախը՝ 10 կմ խորության վրա:
Աղբյուրի տեղեկություններով՝ երկրաշարժի արդյունքում մի քանի մարդ է տուժել:Մի քանի շենքեր են վնասվել, գրեթե երկու հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության:
«Որոշ տներ տեղաշարժվել են, հիմքերում ճաքեր են առաջացել, պատերի փլուզման դեպքեր են գրանցվել: Մի հոգի թեթև վիրավոր է, հրշեջները օգնություն են ցուցաբերում նրան»,- ասված է Սան Բերնարդինո շրջանի հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ:
Լոս Անջելեսի օդանավակայանի ղեկավարությունը հայտնել է, որ ստորգետնյա ցնցումները աշխատանքային գրաֆիկում խափանում չեն առաջացրել:
Նշենք, որ վերջին օրերին նույն տարածաշրջանում սա երկրորդ երկրաշարժի դեպքն էր: Հուլիսի 4-ին 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: Էպիկենտրոնը գտնվում էր Կալիֆոռնիա նահանգի Ռիջկրեստ քաղաքից 18 կմ դեպի հյուսիս-արևելք, օջախը՝ 8,7 կմ խորության վրա: