ՌԴ-ից Վրաստան թռիչքների արգելքից հետո ՀՀ-ում գործող ավիաընկերություններն ավելացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացվել. Տաթևիկ Ռևազյան

«Չվերթներն ավելացել են», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝ չնշելով հստակ տվյալներ։ Նա թվարկեց՝ ավելացել են դեպի Ռուսաստան չվերթները՝ Եկատերինբուրգ, Սանկտ Պետերբուրգ, նոր ուղղություն  է Երևան-Բաթումին։

«Դեպի Վրաստան և Ռուսաստան չվերթները շատ-շատ են ավելացել։ Եվ ես շատ կխնդրեի, որ մեր պատգամավորը մինչ լայվ մտնելը մի հատ զանգեր մեզ։ Էն վայրկյանին, որ ինքը լայվ մտավ, մենք հարց էինք լուծում։ Կարող էինք իրեն տեղեկացենել, թե ինչ քայլեր ենք ձեռնարկում, և դրանք ինչ արդյունքի կբերեն»,-ասաց բանախոսը՝ ակնարկելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։

Անդրադառնալով թռիչքների անվտանգությանն ուղղված քայլերին, Ռևազյանն ասաց, որ իր «շատ ճամփորդելու» արդյունքում կարողացել են հասնել այն բանին, որ Սինգապուրի, Չինաստանի, Ֆրանսիայի քաղավիացիայի մի քանի ուսումնական հաստատություններ  անվճար տեղեր են հատկացրել հայաստանցի  մասնագետներին։

Սինգապուրից խոստացել են, որ պատվիրակություն կուղարկեն Հայաստան՝ ստուգելու օդանավակայանի անվտանգության հետ կապված հարցերն ու խորհուրդներ կտան անվճար։ Անվճար աջակցելու խոստումներ են տվել նաև հայտնի աուդիտորներ ու նավիգացիայի մասնագետներ, մի ընկերությունն էլ շուկայի հնարավորություններն է ուսումնասիրել։

«Ամեն ինչ արել եմ, որ չկասկածեն, որ Հայաստանն ինչ մեծ հնարավորություններ ունի, և դա արդյունքների է հանգեցրել»,-ասաց նա։