Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու, ապա նաև՝ իմ նկատմամբ. Ռոմանոս Պետրոսյանի ակնարկը` Սասուն Միքայելյանին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ում հարաբերությունները լարված են ԵԿՄ վարչության նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ՝ պայմանավորված Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում հակասություններով, ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Միքայելյանի երեկվա հայտարարություններին:
Նշենք, որ ի տարբերություն Ռոմանոս Պետրոսյանի՝ Միքայելյանն ընտրություններում չէր աջակցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանին, և հաղթել էր գործող քաղաքապետ, ԲՀԿ-ի աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանը:
Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու, ապա նաև՝ իմ նկատմամբ և իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործին։
Դե իսկ հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները՝ ես կլռեմ...
Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա։
Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար գոյություն չունեն հեղինակություններ. իմ հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ես կամ և մնալու եմ մեր պետականության, օրենքի գերակայության պետության եւ իրավահավասարության հասարակության անխոնջ զինվորը։
Հ.Գ. Լրատվամիջոցների մեր հարգարժան գործընկերներին ներողություն եմ հայտնում հարյուրից ավելի զանգերն անպատասխան թողնելու համար և խնդրում եմ՝ երեկվա հետ կապված հարցադրումներ չանել. այլևս ոչ մի դիտարկում չեմ անելու, միայն գործելու եմ, և գործելու եմ ինչպես միշտ՝ բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու»։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանն անդրադարձել էր Աբովյանի ընտրություններում և նշել, որ ՔՊ-ի թեկնածու Գրիգոր Գուլյանն ընտրութուններին պարտվել է հենց Ռոմանոս Պետրոսյանի պատճառով. ««Ռոմանոսը ցանկանում էր մարզում դեմք դառնալ, թեկնածու է բերել ներկայացրել վարչության նիստին, ես դեմ եմ քվեարկել: Երկրորդ անգամ, երբ արդեն հաստատված որպես թեկնածու պետք է առաջադրվեր ՔՊ-ի կողմից, ես նորից դեմ եմ քվեարկել էդ թեկնածուին: Ես չեմ խառնվել ընտրություններին, չեմ միջամտել ընդհանրապես, այսինքն՝ պահել եմ ՔՊ-ի ամեն ինչը՝  կարգ ու կանոնը, դրան գումարած՝ ես առաջարկել եմ, ասել եմ, որ ճանաչում են Գրիգորյանին՝ ներկայի քաղաքապետին: Ես ասել եմ, որ պետք չէ տանել ցնցումների՝ ինքը շատ կիրթ, նորմալ երիտասարդ է, այն քաղաքապետներից է, որ բյուջեն կատարել է 100-104 տոկոսով: Այսինքն՝ բյուջեն գերակատարել է: Այսօր ՀՀ-ում նման բան չի եղել, և դա պետք չէ բերել ուրիշ դաշտ: Սա է եղել ընդհանուր իրավիճակը, որ ես չեմ խառնվել ընդհանրապես, ես ՔՊ-ին թիկունքից չեմ խփել, որևէ մեկի չեմ ասել, որ պետք է գնաք, ընտրեք գործող քաղաքապետին»: