«Վրաստանը կորցրել է ինքն իրեն». Մարիա Զախարովա

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Комсомольская правда» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ վրացական հանրությունը պետք է երկրում հակառուսական ելույթների ֆոնին համախմբվի և պետական ու հանրային մակարդակով ստեղծված իրավիճակի շուրջ «ազնիվ զրույց» սկսի:
«Կարծում եմ՝ շատ կարևոր է անկեղծ լինել ինքդ քեզ հետ, հանրության ներսում: Պետք է ազնիվ զրույց սկսել սեփական երկրի ներսում, այդ թվում՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցով»,- ասել է Զախարովան:

Պաշտոնյան ընդգծել է, որ ինքը խորհուրդներ չի տալիս, այլ պարզապես հայտնում է այն, ինչ տեսանելի է կողքից:

Անդրադառնալով վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայհոյած վրաց հաղորդավարի ելույթին՝ Զախարովան խոստովանել է, որ լրագրողի խոսքերը մինչև հոգու խորքը վիրավորել են իրեն:

«Դիտելիս աչքերումս արցունքներ հայտնվեցին այն գիտակցումից, թե ինչ պետք է զգան այն մարդիկ, որոնք իսկապես սիրում են Վրաստանը: Նա (հեռուստալրագրողը – Tert.am) սպանեց, ոտնակոխ արեց, նվաստացրեց նրանց»,- ասել է դիվանագետը:

Այն հարցին, թե ինչու Ռուսաստանի Դաշնությունը դիվանագիտական միջոցներով չարձագանքեց միջադեպին, նա հիշեցրել է, որ 2008թ.-ին Վրաստանը խզել է Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերը:

«Ինձ հաճախ են որպես կշտամբանք ասում, թե մենք կորցրել ենք Վրաստանը: Հավանաբար, եթե հունիս-հուլիս ամիսների դեպքերը չլինեին, հնարավոր է՝ այդ հարցերի համար պատմական օրինակներ, փաստարկներ բերեի… Սակայն այս իրադարձություններից հետո ուզում եմ ասել. չե՞ք կարծում, որ Վրաստանն ինքն իրեն է կորցրել»,- եզրափակել է Զախարովան: