«Հայկական հյուրասիրությունը սահմաններ չունի». Մարիա Զախարովան ուղիղ եթերում մեկնաբանել է իր այցը Հայաստան

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում մեկնաբանել է վերջերս Հայաստան կատարած իր այցը:

«Տեղական հյուրասիրությունը սահմաններ չունի: Այդ ամենն իսկապես շատ գեղեցիկ էր, համեղ և ուրախ: Ամենաֆանտաստիկն այն է, որ ինձ միանգամայն տարբեր մարդիկ հյուրընկալեցին. ցրույցներ ունեցա լրագրողների, պաշտոնական անձանց հետ, քանի որ գործուղման էի, ինչպես նաև շփվեցի հասարակության, մշակույթի ներկայացուցիչների և այլոց հետ»,- պատմել է Զախարովան: 
Նրա խոսքով՝ հանդիպումների շրջանակում ինքը բարդ քաղաքական և պատմական թեմաներ է քննարկել հայերի հետ:

«Ինձ զարմացրեց այն, որ շատ բուռն խառնվածք ունեցող մարդիկ, որոնց համար պատմության, սեփական մշակույթի և սեփական արժանապատվության հարցերը ազգային հպարտության մաս են կազմում, կարողանում են հարգանքով շփվել և զրուցել ամենաբարդ թեմաների շուրջ: Դա մեծ կուլտուրայի և վեհության նշան է, որը բոլորին հասու չէ»,- ասել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Զախարովան Հայաստանում գտնված ժամանակ հաճախ գրառումներ էր արել սոցկայքերում՝ արտահայտելով իր հիացմունքը հայկական հյուրասիրության վերաբերյալ: