Ես վարչապետի հետ ունեցել եմ հարաբերություններ, դա գաղտնիք չէ. Սինանյանը՝ իր նշանակման մասին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նորմալ է համարում այն, որ սփյուռքում իր նշանակումը միանշանակ չի ընդունվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, նա ասաց լրագրողների հետ զրույցում։
«Ես 13 տարի հասարակական գործունեությամբ եմ զբաղվել, 6 տարի էլ ընտրված քաղաքական գործիչ եմ եղել, ո՞նց կարող են բոլորն ինձ սիրել, բոլորն ինձ հետ համաձայն լինեն, դա բացառվում է»,–նշեց նա։
Զարեհ Սինանյանը շեշտեց՝ կլինեն անհատներ, որոնց համար ընդունելի չի լինի իր նշանակումը,  իրենք իրենց կարծիքի իրավունքն ունեն։


Դիտարկմանը, որ ինքը լավ հարաբերությունների մեջ է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Սինանյանը պատասխանեց. «Այո, ես վարչապետի հետ ունեցել եմ հարաբերություններ, դա գաղտնիք չէ»։
Նրա փոխանցմամբ՝ հանձնակատարի գրասենյակը դեռ ամբողջությամբ ձեւավորված չէ, իսկ գրասենյակում աշխատակիցների 50 հոգու տեսլական ունի. «Գտնում եմ՝ 50 հոգով կարող ենք լավ աշխատել։ Կլինեն կադրեր եւ լուծարված Սփյուռքի նախարարությունից, և նոր կադրեր»։
Հարցին՝ ի՞նչը գրավեց Զարեհ Սինանյանին թողնել ԱՄՆ–ն եւ գալ, աշխատել Հայաստանում, նա պատասխանեց.  «Հայրենիքը գրավեց, հայրենիքում աշխատելու եւ հայրենիքում ինչ–որ դրական փոփոխության մեջ դեր խաղալու հնարավորությունը»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ սպասելի՞ էր վարչապետի առաջարկը, Սինանյանը պատասխանեց. «Տենց չէ, բայց տրամաբանական եմ համարում, ինչու ոչ, ես համ Հայաստան, համ Սփյուռք եմ։ Աշխատանքով պետք է ապացուցեմ, որ դա լավ ընտրություն էր, հաստատ գիտեմ, որ կարող եմ լավ աշխատել»։