Փաշինյանը օտար լեզուների մեջ ռուսերենի իմացության նշանակությունը համարում է առանձնահատուկ

Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում ոչ միայն հնարավորություն է տալիս հաղորդակցվել իր հետ բերած հսկայական փորձին, այլ նաև Հայաստանում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է դառնում: Կառավարությունն իր ռազմավարական տեսլականում պատկերացնում է, որ ՀՀ-ի քաղաքացիները պետք է առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն, այդ շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց մոսկովյան համալսարանի երեւանյան մասնաճյուղում առաջին շրջանավարտներին դիպլոմների հանձնմանը նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

«Այսպիսի համալսարանի գոյությունը Հայաստանում, Երևանում, լիարժեք համընկնում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների հետ, որովհետև մենք համոզված ենք, որ բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, ունեն լուծման մեկ բանալի: Եվ այդ բանալին գիտելիքն է, իմացությունն ու հետազոտությունը: Եվ ահա նման համալսարաններն իրենց հետ Հայաստան են բերում կրթության, գիտության, հետազոտության ոլորտում գոյություն ունեցող ահռելի մի փորձ, և այդ փորձի առկայությունից օգտվելը մեզ, մեր քաղաքացիների, մեր երիտասարդների համար բացառիկ հնարավորություն է: Նման համալսարանները մեզ հնարավորություն են տալիս ընդլայնել մեր մտահորիզոնը: Բազմիցս ասել եմ, որ որպես ռազմավարական տեսլական պատկերացնում ենք, որ ՀՀ-ի քաղաքացիները պետք է առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն: Եվ այդ շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որի  Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում ոչ միայն հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն հսկայական փորձի հետ, որ այն իր հետ բերում է, այլ նաև Հայաստանում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է դառնում:

Նա շնորհակալություն հայտնեց նաև Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ համալսարանի բացման գործում ցուցաբերած շահագրգռվածության և աջակցության համար: Շնորհավորելով շրջանավարտներին՝ Վարչապետը շատ կարևոր ու սիմվոլիկ համարեց, որ համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտներն իրենց դիպլոմները ստանում են նոր Հայաստանում: «Այն փոփոխությունները, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում, տեղի են ունենում ձեր աջակցությամբ և մասնակցությամբ: Եվ այսօր դուք՝ որպես շրջանավարտ, որպես բակալավրի կոչում ունեցող բարձրագույն կրթությամբ անձինք, անշուշտ, ձեր նպաստն եք բերելու Հայաստանի հետագա զարգացմանը, հայ-ռուսական հետագա հարաբերությունների զարգացմանը, որը ինչպես Հայաստանի համար ունեցել է ռազմավարական նշանակություն, այնպես էլ ունի և պետք է ունենա»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ առավել ևս այսօր շրջանավարտները պետք է իմանան, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը նրանցից յուրաքանչյուրն է:  Վարչապետն այդ երիտասարդների հաջողությունը համարեց Հայաստանի, հայ ժողովրդի հաջողությունը, և հիմա առավել ևս Մոսկվայի պետական համալսարանի հաջողությունը, որովհետև նրանք պետք է մեծացնեն համալսարանի հեղինակությունը, պետք է բարձրացնեն դրա առանց այն էլ բարձր անունը: