«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում անակնկալ նշել են Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով ծանր վիճակում տեղափոխված աղջկա ծննդյան օրը | Լուսանկարներ

«Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված աղջկա ծննդյան օրն է: Նա դարձավ 17 տարեկան»: 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Իրեն բուժող բժիշկներն ու ԲԿ-ի տնօրինությունն այսօր նրա համար անակնկալ էին պատրաստել: Ծաղիկներ, փուչիկներ, տորթ ու նվերներ էին բերել նրան:
Իսկ ամենամեծ նվերն այն է, որ ծանր ողնաշարի վիրահատությունից մեկ շաբաթ անց աղջիկն առաջին անգամ ոտքի կանգնեց: «Ես հույս չունեի, որ նորից երբևէ ոտքի կկանգնեմ ու կքայլեմ...», - բժիշկների հետ զրույցում անկեղծացավ գեղեցկուհի Լիլիան»,- գրել է Դերձյանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին հանգստի մեկնելու ճանապարհին, Գորիի մոտակայքում վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումն ու բախվել արգելապատնեշին: Վթարի հետևանքով մահացել էր 3 մարդ, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։