Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ Գրիգորյանի կալանքը անհապաղ փոխելու կամ գրավ կիրառելու վերաբերյալ: Այս մասին հայտարարեց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից։
Նշենք, որ պաշտպանական կողմը այսօր միջնորդություն էր ներկայացրել անհապաղ վերացնել Մ. Գրիգորյանի նկատմամբ կիրառված կալանավորումը, իսկ եթե դատարանը գտնում է, որ  ծանրագույն հիվանդություններով տառապող անձը կարող է խոչընդոտել կամ խուսափել  արդարադատությունից, նրա  նկատմամբ կիրառել մինչև 10 միլիոն դրամի չափով գրավ կիրառել։ Մինչ այդ պաշտպաններից Լ. Բաղդասարյանը ներկայացրել էր «Նաիրի ԲԿ»–ում Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկների կոնսիլիումի արդյունքները։ 

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը առարկել էր միջնորդության դեմ։

Նիստից հետո լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք դատարանի որոշումը, Մ. Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանին ասաց. «Պիտի ցանկանանք, որ նման առողջական խնդիրներ ունենա դատախազը, իր մաշկի վրա զգա՝ կարիք կա, թե չկա»։