Իրանը պատրաստ է Հայաստանի հետ ընդլայնել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը. Փաշինյանը հանդիպել է Ռոհանիին | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որը Հայաստանում է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
«Մեր դիրքորոշումն այն է, որ Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է հնարավորին դուրս լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից, որովհետև մենք անմիջական հարևաններ ենք, ունենք շատ ընդհանուր շահեր, և մենք դեռ շատ երկար դարեր ու հազարամյակներ պետք է համագործակցենք»,- հանդիպման ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Փաշինյանը: Վերջինս նաև ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

«Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը և ընդլայնումը` որպես բարեկամի և հարևանի: Մենք պատրաստ ենք Ձեր կառավարության հետ շարունակել աշխատանքները` նոր ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու նպատակով, ընդլայնել «Գազ՝ էլեկտրանէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները: Միաժամանակ՝ պատրաստակամ ենք Հայաստանում գազի, քամու և արևի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի իրականացմանը: Մենք շահագրգռված ենք էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչմամբ և ենթակառուցվածքների զարգացմամբ»,- իր հերթին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Այնուհետ նախագահները կառավարությունների պատասխանատուներին հանձնարարել են սեղմ ժամկետներում մշակել և ներկայացնել նշված ոլորտում համագործակցության ընդլայնման առաջարկություններ, կողմերն անդրադարձել են նաև երկաթուղային բնագավառում, բարձր տեխնոլոգիաների, մաքսային, գիտության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հասան Ռոհանին ընդգծել է, որ վարչապետ Փաշինյանի գլխավորած թիմի` Հայաստանի կառավարության ղեկավարումը ստանձնելուց հետո, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն աճել են, իսկ համատեղ ծրագրերը շարունակում են հաջողությամբ կյանքի կոչվել: Իրանի նախագահը հավելել է, որ իրենք պատրաստակամ են քննարկել նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու գործընթացը, ընդլայնելու երկկողմ կապիտալ ներդրումների, ազատ առևտրի գոտիների միջոցով առևտրաշրջանառության ծավալները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Պարսից ծոցը Սև Ծովին միացնելու տրանզիտային ուղիներին վերաբերող հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ այդ ծրագիրը կյանքի կոչելը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից, և Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր իրականացնել այդ նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր, անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: