Քարդաշյան-Ուեսթ ընտանիքում համալրում սպասվո՞ւմ է. Քիմը` երեխա ունենալու մասին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը որոշել է այլևս երեխաներ չպլանավորել։ Այս  մասին նա հայտնել է Երևանում Reuters միջազգային գործակալությանը տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ ծնողները պետք է շատ ժամանակ հատկացնեն իրենց երեխաներին։ Չորս երեխան իմ սահմանն է։ Ես և ամուսինս որոշել ենք այլևս երեխաներ չունենալ», – անկեղծացել է հեռուստաաստղը։

Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, 4 երեխա ունեն` Նորթը, Սեյնթը, Չիկագոն և Փսալմը։ Երեխաներից երկուսին զույգի համար լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները բազմիցս գրել են, որ Քարդաշյանը պատրաստվում  է Հայաստանից երեխա որդեգրել։ Սակայն հայտնի դարձավ, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

Քիմ Քարդաշյանը հարցազրույց է տվել Երևանում Reuters  գործակալությանը WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովում ունեցած ելույթից հետո։ Նա Երևան էր ժամանել մասնակցելու այդ համաժողովին, միևնույն ժամանակ հասցրել է Էջմիածնում մկրտվել և մկրտել իր երեք երեխաներին, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև նոր դրվագ նկարահանել  իր Keeping up with the Kardashians ռեալիթի շոուի համար։