«Ես դա հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք եմ համարում». Նիկոլ Փաշինյանը կոշտ պատասխան է տվել Իլհամ Ալիևին (տեսանյութ)

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ պատասխան է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին՝ անվանելով այն «հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք»: 

Մասնավորապես, Ալիևն իր ելույթում խոսել է ԱՊՀ տարածքում՝ մասնավորապես Հայաստանում «ֆաշիստների հերոսացման» մասին՝ նշելով, որ ՀՀ նախկին իշխանությունների օրոք Երևանում կանգնեցվել է ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը, որին Ալիևն անվանել է «ֆաշիստական դահիճ» և «դավաճան»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ալիևի ելույթում պատմական իրադարձությունների սուբյեկտիվ մեկնաբանման փորձ կար:
«Ցավոք, Իլհամ Ալիևի խոսքում մենք այդպիսի փորձեր տեսանք։ Լսելով նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին՝ ճիշտն ասած, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհին» կինոնկարը. երբ այնտեղ խոսվում է հինավուրց ամրոցի ավերակների մասին, և հարց է հնչում՝ իսկ ի՞նչ է, եկեղեցին նույնպես ե՞ս եմ ավերել։ Իլհամ Ալիևի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդհանրապես այդ պատերազմում Հիտլերը երկրորդական դերակատարություն է ունեցել, և նացիստական շարժման լիդերը եղել է Գարեգին Նժդեհը։ Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի՝ թուրքական օկուպացման դեմ, պայքարում էր հայերի ցեղասպանության դեմ, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը, ի դեպ, ռուսական շատ սպաների հետ 1918 թվականին ղեկավարում էր ռազմաճակատի շատ կարևոր հատվածը հայ-թուրքական պատերազմի ժամանակ։

Եվ ես ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել՝ իսկապես շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը։ Ասվում է, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում։ Խորհրդային շատ գործիչներ են մահացել Վլադիմիրի բանտում, Ալեքսանդր Սոլժենիցինը եղել է Գուլագում, և ի՞նչ, բոլոր նրանց, ովքեր դատապարտված են եղել 1937-1950-ական թվականներին, մենք համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր։ Եթե այդպես է, ապա ականավոր շատ գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքի վերջին օրերը հենց բանտում են ավարտել։

Եվ ես անտեղի, անհարկի եմ համարում պատմությունն աղավաղելու, բավական կարևոր այս նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու նպատակով այս ձևաչափի օգտագործումը։

Ցանկանում եմ նշել, որ Հայաստանում նույնպես, մեր կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում պատերազմի վետերաններին. ընդամենը մի քանի ամիս առաջ մենք կրկնապատկել ենք Հայրենական Մեծ պատերազմի բոլոր վետերաններին տրվող սոցիալական նպաստները։ Կարծում եմ, որ դա իսկապես շատ կարևոր որոշում է», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է, որ տեղին չի համարում այս ձևաչափը պատմությունը խեղաթյուրելու համար օգտագործելը և նման կարևոր նիստի մթնոլորտում լարվածություն մտցնելը:
«Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք են հայ ժողովրդի հանդեպ: Եվ ես դա համարում եմ անհարգալից վերաբերմունք ԱՊՀ պետությունների ղեկավարների և ժողովուրդների նկատմամբ, որոնք նրանք ներկայացնում են այստեղ», - հայտարարել է ՀՀ վարչապետը: