Սեւանն աղտոտում են, հետո պահանջում են, որ մարդիկ գնան իրենց հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն. Փաշինյան

Սեւանա լճի շուրջ գործունեությունը իրականացնող գործարարները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով հայտարարել, որ Սեւանի հետ ամեն ինչ նորմալ է: Հիմա հարց. Իսկ իրենէ Սեւանը չաղտոտելուն կամ աղտոտումը նվազեցնելուն ուղղված որեւէ գործողություն անո՞ւմ են:
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սեւանի ափին հիմա կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են։ Էդ մարդիկ աղտոտում են Սեւանը, էդ աղտոտման արդյունքում կրում են տնտեսական վնասներ ու Կառավարությունից պահանջում են, որ քաղաքացիներին ուղղորդեն՝ գնան իրենց աղտոտած ջրերում ու իրենց հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն»,-ասաց վարչապետը:
Նա նշեց, որ ամեն ինչ չէ, որ պետք է սոցիալական խնդրով պայմանավորել եւ նկատեց, որ քանդվող ու փտող «վագոնչիկներով» երկար ընտանիք չեն պահի։
«Սեւանի շուրջ բիզնեսը պետք է քաղաքակրթվի: Սա մեր խնդիրն է ու մենք պետք է ունենանք շատ հստակ դիրքորոշում: Մարդիկ վնաս են հասցնում իրենց գործողություններով, հետո դրանց արդյունքների հետ առերեսվում են, հետո ճամփա են փակում ու ասում են ՝ Կառավարություն, արի, լուծի։ Իսկ ո՞վ է ասել, որ էդ բոլոր հարցերը պետք է Կառավարությունը լուծի, դուք ձեր ոտի տակը մաքրեք: Հատկապես թերակղզու հատվածում կատաստրոֆիկ երեւույթներ կան: հերիք է աչք փակել այդ երեւույթների առաջ: Պետք է հասցեական գնալ, միջոցներ ձեռնարկել:  Սեւանում տեղեր կան, որ, եթե այնտեղ մի զբոսաշրջիկ հայտնվի, ում տեսնի, կասի՝ հանկարծ Հայաստան չգնաք»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: