Ըստ դավադրության՝ պետք է տապալեին Փաշինյանին, վարչապետ դառնար Վանեցյանը

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ՀՀ Ազգային անվտանգության մարմինների համակարգը յուրօրինակ է, քանի որ  ամբողջությամբ սահմանափակվում է ԱԱԾ կոչվող կառույցով։
«Պետք է կազմաքանդել ԱԱԾ-ը և արդյունքում՝  անվտանգության ազգային համակարգ ստեղծել։ Հնարավոր չէ ԱԱԾ-ն այդպես պահպանել ու հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի։ Մեզ անհրաժեշտ է օր առաջ նրանից ազատվել»։

Ավետիսյանը ներկայացրեց իրենց փոփոխությունների ծրագիրը՝ մասնավորպես անդրադառնալով տնօրենի պաշտոնին, քանի որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը քաղաքական է դառնում։
«Կարևոր է նաև զտում անել համակարգում, իսկ նրանք, ովքեր ազատվեն աշխատանքից, չզբաղվեն քաղաքական գործունեությամբ»,- ընդգծեց բանախոսը։

Նա նշեց, որ այդ մարդկանցից յուրաքանչյուրին կարելի է փոխարինող գտնել, քանի որ նրանք անփոխարինելի չեն։

Ըստ էության, այդ բոլոր փոփոխություններից հետո ԱԱԾ-ին թողնել միայն  հետախոզության և հակահետախուզության մարմինները։

Ասուլիսի ընթացքում Ավետիսյանը նաև անդրադարձավ մի դավադրության պատմության․ «Դավադրությունն այն էր, որ Նիկոլ Փաշինյանին տապալեին և ամեն ինչ անեին, որպեսզի Արթուր Վանեցյանը դառնար վարչապետ, և Կրեմլից ուղիղ կառավարեին Հայաստանը: Ինչը ենթադրում էր՝ նախկին մերժված տականքին կրկին հետ վերադարձնել, և, բնականաբար, մեր ժողովրդի ու պետության նկատմամբ հաշվեհարդար տեսնելու դավադրական ծրագրի մասին է խոսքը: Վանեցյանն ինքն իր ճակատագրի տերը չէ, խոսքը նրա անձի մասին չէ, ժամանակավոր պաշտոնակատարն էլ է այդ կատեգորիայի: Այդ մարդիկ իրենց անձի տերը չեն։ Նրանք այնքան են խորացել այդ համակարգի մեջ, որ այն կերել է իրենց անձը»,- ընդգծեց Ավետիսյանը: