Հունվարի 1-ից կբարձրանա նվազագույն աշխատավարձը՝ 55 հազարից 68 հազար դրամ դառնալով | Տեսանյութ

2020թ.–ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կբարձրանա 13 000 դրամով` ներկայիս 55 000–ի փոխարեն դառնալով 68 000 դրամ։

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում համապատասխան որոշումն ընդունվեց ԱԺ–ում` միաձայն։

Հիշեցնենք` օրինագիծը հեղինակել էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավորներ Վարազդատ Կարապետյանը, Բաբկեն Թունյանն ու Նարեկ Զեյնալյանը։

Նախագծի հեղինակները նախապես առաջարկել էին ամսական նվազագույն աշխատավարձը 55 000–ից դարձնել 63 000 դրամ, սակայն հարցը կառավարությունում քննարկելիս գործադիրն առաջարկել էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել ոչ թե 8, այլ 13 հազար դրամով` դարձնել 68 հազար դրամ:

Նշենք, որ պաշտոնական տվյալներով` նվազագույն աշխատավարձի փոփոխությունը կազդի 58 000 պետական ու 130 000 մասնավոր աշխատողների վրա։ Իսկ պետբյուջեի համար դա ընդամենը 2 մլրդ դրամի հավելյալ ծախս կլինի։