Արտահերթ ընտրությունների դեպքում իշխանությունը հազիվ 25-30% ձայն կստանա, ժողովուրդն այլեւս չի հավատում․ Վիգեն Ստեփանյան

Եթե գնա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, կբերեն՝ «իմ մարդուն» սկզբունքով մեկին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, Կառավարության բակում, լրագրողների հետ զրույցում, Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հավաքված երիտասարդների ակցիայի ժամանակ ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ-ռեժիսոր, սցենարիստ, դերասան Վիգեն Ստեփանյանը։
Նա ասաց, որ չի մասնակցում ակցիային, սակայն ակցիայի մասնակիցների կողքին է գաղափարապես․ «Որպես հայ չեմ կարող հասկանալ այսօրվա քայլերը, բազմաժանր նախարարություն ունենք, միանգամից չես ասի՝ բոլոր ոլորտները։ Ինձ համար անհասկանալի է, անընդունելի է, եթե մենք մեր լեզուն, հիմքը, հիմնաքարը չհարգենք, հետո, անշուշտ, արդեն եկեղեցին, պատմությունը»։
Անդրադառնալով երեկ ԱԺ-ում վարչապետի արած այն հայտարարությանը, որ ինքն Արայիկ Հարությունյանի կողքին է, Վիգեն Ստեփանյանն ասաց, որ չի զարմանում:
Ստեփանյանն ասաց, եթե հիմա արտահերթ ընտրություններ տեղի ունենան, ապա գործող իշխանությունը կստանա 20-30 տոկոս ձայն․ «ժողովուրդը հիմա հիասթափված է, մարդիկ արդեն չեն հավատում»։