Վիճաբանության ժամանակ, «ԱԿ 74» տիպի ինքնաձիգով կրակել են քաղաքացու ոտքին

Նոյեմբերի 26-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք, ոսկրային դեֆեկտով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ալաշկերտ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ վնասվածքը ստացել է հողամասում գործ անելիս:
Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի և Մեծամորի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, Արևիկ գյուղից Ալաշկերտ տանող ճանապարհի հարակից դաշտում, վիճաբանության ժամանակ, «ԱԿ 74» տիպի ինքնաձիգով կրակել են հիվանդանոց տեղափոխված տղամարդու ոտքին՝ պատճառելով վնասվածք:

Պարզվել է վիճաբանության բոլոր մասնակիցների ինքնությունը:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 2 կրակված պարկուճ, 1 փամփուշտ, կոտրված փայտեր, ավտոմեքենայի կոտրված ապակիներ և արնանման հետքեր:

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112, 235 և 185 հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մասնակիցներին և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: