Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարի վարքը ապշեցրել է իտալացի պաշտոնյային. իտալական պարբերականի անդրադարձը Փաշինյանի ժեստին | Տեսանյութ

Իտալական Secoloditalia  պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակներում Սենատի նախագահ Էլիզաբետ Կազելատի հետ հանդիպմանը։ Հեղինակը նշում է, որ Հայաստանի վարչապետը վիրավորում է իրենց:

Պարբերականը նշում է, որ այն պահից, երբ կարմիրներն ու դեղիններն են կառավարությունում, Իտալիայի հետ արտերկրում այլևս հաշվի չեն նստում։

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է 2018 թվականից, երբ Հայաստանում հաղթեց գրիլլոյականների նման մի շարժում (ընդդեմ կոռուպցիայի և եվրոպամետ շարժում): Բայց երևում է, որ քաղաքավարության կանոնները դեռ չեն յուրացրել: Գոնե դատելով Սենատում տեղի ունեցածից: Սենատի նախագահ Էլիզաբետ Կազելատին, իրոք, ընդունել էր բարձրաստիճան հյուրին: Բայց վերջինս հինգ րոպե ուշացել էր: Աներևակայելի հայը, ցուցադրաբար, մոտեցել էր սպասասրահի հայելուն և նրա առջև մազերն էր ուղղում: Շարունակելով դա անել նույնիսկ այն բանից հետո, երբ նրան նախազգուշացնում են, որ նախագահը ժամանել է: Բայց դրանով ամեն ինչ չի ավարտվում: ՀՀ վարչապետը Կազելատիի ձեռքը չսեղմելով նրանից առաջ է ընկնում՝ թողնելով նրան ապշահար վիճակում»,– գրում է պարբերականը։

Իտալական պարբերականը նշում է, որ ողջ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը նյարդայնորեն հետևում էր ժամացույցին: Ապա, պարբերականը նշում է, որ Փաշինյանի պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հոդված է գրել այս դեպքի վերաբերյալ, որը ստորագրվել է կեղծանունով:

«Հայաստանյան ռեժիմին պատկանող թերթը, փաստորեն, իր վարչապետին բնորոշում է որպես «պարտաճանաչ» մարդ, ով տրամաբանորեն վրդովված էր թեթևակի ուշացումից: Թերթը պատմում է հայելու դրվագը և նույնիսկ գրում ավելին՝ որոշակի չարախնդությամբ. «Նա շարունակեց դա անել նույնիսկ այն ժամանակ, երբ Կազելատին արդեն ժամանել էր և սպասում էր իրեն: Արարողակարգի աշխատակիցը հուսահատորեն փորձում էր նախազգուշացնել նրան Կազելատիի ժամանման մասին»: Եվ նա եզրափակում է ակնհայտ կեղծավոր կերպով. «Դա, իհարկե, չի ազդել պաշտոնական հանդիպման համար պատրաստված ասելիքի վրա ...»: Որը ճիշտ չէ, ինչպես երևում է տեսանյութից: Հաջորդող նախադասություններում մեծարվում է ՀՀ վարչապետը: Ասվում է նույնիսկ, որ մեր վարչապետի անունը Ջուզեպպե Կոնտի է: Այս ո՞վ է խորհուրդ տվել այս լրագրողին վարչապետի թերթում»,– ասվում է հոդվածում:

Պարբերականը հոդվածին կցել է այդ հանդիպման մասին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը, որը ներկայացնում ենք ստորև։