Տողատակային աջակցություն Ստեփանակերտի սուբյեկտությանը. Լավրովի ուշագրավ հայտարարության հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ համանախագահող միջնորդների ակնհայտ ակտիվություն կա: Մինչև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցն ու խնդրին անդրադարձը, հիշեցնենք, հաշված օրեր առաջ էլ ԵԱՀԿ ամերիկյան առաքելության ղեկավար Ջեյմս Գիլմորից եղավ հայտարարություն, որտեղ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի` նաև շեշտեց.
«ԱՄՆ-ն կողմ է կողմերի հետ համագործակցությանը՝ ամուր և խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ՝ հիմնված մասնակից պետությունների համար ընդհանուր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա, որոնք արտացոլված են Հելսինկյան եզրափակիչ ակտում, որը կարևոր գործիքն է մնում ԵԱՀԿ անդամ պետությունների գործունեության և սկզբունքների մեջ»: Ըստ էության, ամերիկյան կողմից հնչած այս հայտարարության հետ պաշտոնական Ստեփանակերտն անհամաձայնություն չունի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց «Բոլոր սկզբունքներին անդրադարձ կա, հավասարակշռված հայտարարություն է և, որ ամենակարևորն է, ընդգծվում է հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»:
Համանախագահող մյուս երկրի՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը Երևանում երեկ, ըստ էության, ասաց, թե Արցախը եղել է բանակցության մասնակից, սակայն «ինչ որ փուլում Հայաստանի ղեկավարներից մեկը» որոշել է, որ Հայաստանը պետք է ներկայացնի Արցախը: Սա, թերևս, սենսացիոն հայտարարություն է: Լավրովն ինքը չմանրամասնեց, թե Հայաստանի որ ղեկավարին է ակնարկում: Արցախից, սակայն, պնդում են՝ այս թեման Ադրբեջանն է շահարկում և հենց Ադրբեջանն է ցանկանում , որ Արցախը չվերադառնա բանակցային սեղանին: Պատասխանելով «ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ում նկատի ուներ Լավրովը` Արցախի նախագահի խորհրդականն ասաց. «Գիտեք, ես չգիտեմ` ում է ակնարկում: Բայց պետք է հստակ ասել, որ դա Ադրբեջանի քմահաճույքն է եղել` անկախ ամեն ինչից: Եթե իրենք շահագրգռված են, որ վերադառնա բանակցային սեղան, ինչո՞ւ հիմա չեն ասում: Եվ բացի այդ, ինչպե՞ս կարող է մեկ անհատը այդ հարցը կարգավորել»: Բաբայանին, սակայն, գոհացրել է փաստը, որ ՌԴ արտգործնախարարը Երևանում հայտարարել է, որ բոլորի համար է պարզ՝ առանց Արցախի չի կարող ավարտվել որևէ բանակցություն: Իսկ Լավրովը, արձանագրենք, որ այսպիսով տողատակային աջակցություն է հայտնել Ստեփանակերտի սուբյեկտությանը, որն, ըստ էության, առաջնագիծ է բերում պաշտոնական Երևանը հեղափոխությունից հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: