Ինչո՞ւ է ՊԵԿ-ը՝ հարցաքննության է հրավիրվել իտալացի գործարարին կերամիկայի գործարանի բացումից հետո

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը ՊԵԿ՝  հարցաքննության է հրավիրվել իտալացի գործարար, Գագիկ Ծառուկյանի բիզնես գործընկեր Ֆեդերիկո Պոլիդորին, ով «Ceramisia» հայտնի բրենդը ներկայացնող իտալական «Իթելիան սթոունվեյր հոլդինգի» փոխնախագահն է: Ընդամենը մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 7-ին, Հայաստանում բացվեց այս ընկերության և Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպի» համատեղ բիզնես-պրոյեկտը՝ կերամիկայի գործարանը, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՊԵԿ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Ծառուկյանի իտալացի գործընկերը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, շեշտեցին՝ հարցաքննությունը չի վերաբերել կերամիկայի գործարանին: Նույնը կրկնեց Պոլիդորիի փաստաբան Էմին Խաչատրյանը՝ հրաժարվելով մանրամասներ հայտնել, թե որ գործով է իր վստահորդը հարցաքննվել: Ասաց, որ համաձայնություն չունի նրանից մանրամասներ հայտնելու, իսկ Պոլիդորին հարցաքննությունից հետո մեկնել է Հայաստանից:

Հիշեցնենք, որ դեռևս 2014-ին իտալացի այս գործարարին ընդունել էր նաև այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քննարկվում էր Հայաստանում հախճապակու արտադրությամբ զբաղվող գործարան կառուցելու նախագիծը։ Հիշեցնենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է գործարանի բացման, ապա տանտիրոջ հանդեպ քրեական գործ է հարուցվում։ Այդպես եղավ նաև «Սպայկայի» դեպքում՝ պանրի գործարանի բացումից օրեր անց տնօրենը կալանավորվեց, ապա մեծ գումար վճարելով՝ ազատ արձակվեց, և սկսվեց «Սպայկայի» սնանկացումը»: