Դեկտեմբերին Հայաստանում նախատեսվում է քրեական աշխարհի ներկայացուցիչների լուրջ հավաք՝ «սխոդկա»

«Փաստ» թերթի տեղեկություններով, դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանում նախատեսվում է քրեական աշխարհի ներկայացուցիչների բավականին լուրջ հավաք՝ «սխոդկա», որին, թերթի աղբյուրի փոխանցմամբ, մասնակցելու են քրեական աշխարհի մի քանի տասնյակի հասնող ներկայացուցիչներ, ի դեպ՝ նաեւ օտարազգի։ 

Մասնավորապես, մեր աղբյուրը փոխանցում է, որ գողական «սխոդկային» ներկա են լինելու ռուսական քրեական աշխարհի որոշ հայտնի դեմքեր, ինչպես նաեւ վրացի եւ եզդի «օրենքով գողեր»։ 

Հավաքի հիմնական նպատակը ՀՀ կառավարության կողմից նախատեսված հայտնի օրինագիծն է, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանակարգության, բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար։
Սա լուրջ անհանգստություն է առաջացրել քրեական աշխարհում, քանի որ նման զարգացումները նրանց համար անակնկալ են եղել։
Նշենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում այս թեման բավական ակտիվ քննարկվում էր հանրային օրակարգում, ըստ որի՝ ՀՀ-ում «օրենքով գողերի» եւ այլ քրեական հեղինակությունների նկատմամբ նախատեսվում է կիրառել լուրջ քայլեր, այսինքն՝ այս ուղղությամբ իրականացվելու է հստակ պետական քաղաքականություն։
 Թերթի աղբյուրը փոխանցել է, որ քրեական աշխարհի «հսկաները» տեղում փորձելու են հասկանալ, թե սա ինչպես կարող է ազդել իրենց վրա, եւ իրենք ինչպես կարող են իրենց հետագա ներկայությունն ապահովել ՀՀ տարածքում։ 
Թերթին փոխանցել են նաեւ, որ «սխոդկան», նախնական տեղեկություններով, նախատեսվում է անցկացնել Ծաղկաձորի թանկարժեք հյուրանոցներից մեկում, իսկ թե կոնկրետ որում, մեզ չհաջողվեց պարզել»: