Ստամբուլ-Երևան չվերթների դադարեցման պատճառով հայ ուղևորները մնացել են Ստամբուլում

Թուրքական Atlas Global ավիաընկերությունը, որը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթը սպասարկող միակ ավիաընկերությունն է, նոյեմբերի 26-ին հայտարարել է բոլոր ուղղություններով թռիչքները դադարեցնելու մասին:
Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» լրատվականը:

Հայտարարության մեջ նշվել է, որ չվերթները դադարեցվում են նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ը:
Թռիչքների դադարեցման պատճառ են հանդիսացել Թուրքիայում տնտեսական վայրիվերումների պատճառով ընկերության մոտ առաջացած ֆինանսական խնդիրները:
Չնայած տարածած հայտարարությանը՝ ընկերությունը ժամանակին տեղյակ չի պահել ավիատոմսեր վաճառող ընկերություններին չվերթների դադարեցման մասին, ինչի պատճառով շատ ուղևորներ, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիներ, մնացել են Ստամբուլի օդանավակայանում և չեն կարողացել գալ Հայաստան:
Ընկերությունը հայտարարել է, որ նախօրոք գնված տոմսերի վերադարձի կամ ամսաթվերի փոփոխության  պահանջով դիմած անձանց համար ընկերության կայքում դեկտեմբերի 16-ին կտեղադրվի ուղեցույց, իսկ մինչ այդ՝ տոմսեր ամրագրելու բոլոր տարբերակներն այլևս փակ կլինեն: