«Տավուշի ուղղությամբ Ադրբեջանը երեք բազա է բացել այս տարի, որոնք պիտի սպասարկեն առաջնագիծը». վերլուծաբան

Ադրբեջանի մարտական դիրքերում շինարարական և ամրացման  աշխատանքների տեսանկյունից  որևէ արտառոց բան չի կատարվում, որը նախկինում չի արվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը:

«Այնպես չէ, որ ադրբեջանական բոլոր դիրքերը միանման են կառուցված, ինչը բնական է, քանի որ տարբեր վայրերում են գտնվում՝ մեկը՝ լեռնային, մյուսը՝ հարթավայրային: Այսինքն՝ կառուցվում են՝ ըստ տեղանքի, ըստ այդմ՝ մի տեղ կարող է պաշտպանվել ցանցով, որի մեջ քարեր են լցված, մեկ այլ տեղում բետոնե կոնստրուկցիա լինի: Այլ հարց է դիրքի ֆիզիկական գտնվելու վայրը. եթե այն շատ բարձրադիր է, դա խնդիր է, քանի որ մատակարարումներ են պետք, և միշտ չէ, որ տեխնիկա կարող է հասնել այդտեղ: Այս դեպքում էլ շինարարությունը պայմանավորվելու է դրա ենթակառուցվածքային վիճակով կամ դրա բացակայությամբ: Իսկ ինժեներաշինարարական աշխատանքները մշտական բնույթ են կրում՝ պլանային և չնախատեսված, լինում է նաև, երբ մեծանում են դրանց ծավալները: 2018-ի հոկտեմբերից Ադրբեջանի հետ սահմանի Տավուշի հատվածում մեծացավ ադրբեջանական կողմից այդ աշխատանքների թիվը, քանի որ պահպանություն սկսեց իրականացնել Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, և իրենք, բնականաբար, սկսեցին նոր ենթակառուցվածքներ զարգացնել՝ դիրքեր տանող ճանապարհներ, կացարաններ: Սա, կարծում եմ, մարելու միտում ունի, որովհետև հիմնական աշխատանքները հասցրել են կատարել»,- նշել է վերլուծաբանը:
Վերադառնալով բետոնե կոնստրուկցիաների միջոցով պաշտպանական կամ ամրացման մեթոդին, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ այն ուժերի հարաբերակցության մեջ ինչ-որ բան փոխող հանգամանք չէ, և, որ այս մեթոդը՝ բետոնե կոնստրուկցիաների օգտագործումը, շատ տարածված չէ ադրբեջանական դիրքերում, բայցև նորություն չէ: «Չգիտեմ, թե ինչ զարգացում կլինի, բայց կրկնում եմ՝ որոշ տեղերում սա հանդիպել է»,- լրացրել է  Խաչիկյանը:
Վերլուծաբանը  տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմից աշխատանքներ են կատարվում նաև թիկունքում և առավել խորքում, այն է՝ կառուցվում են նոր զորամասեր:
«Տավուշի ուղղությամբ երեք բազա են բացել այս տարի, որոնցից յուրաքանչյուրը  մոտավորապես մեկ գումարտակի չափ է: Դրանք այն ենթակառուցվածքներն են, որոնք պիտի սպասարկեն առաջնագիծը: Քանի որ մինչ այս սահմանապահ ծառայությունը ներկայություն չուներ, հիմա իրենց նաև թիկունքում են ենթակառուցվածքներ պետք,  որպեսզի առաջնագիծը սպասարկեն: Բացի այս, աշխատանքներ են տարվում շատ ավելի խորքում՝ կառուցվում են նոր զորամասեր: Այս պահին առնվազն 3-4 զորամաս կառուցման փուլում է, հնարավոր է՝ մեկի բացումն այս ամսվա ընթացքում լինի»,- մանրամասնել է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։